Գարնանից ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը աջակցող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը անորոշ ժամանակով սառեցնում է իր աշխատանքը: Կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ խնդիրը ֆինանսական է և կապված չէ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հետ. «Ես սրա տակ ոչ մի քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Ես չեմ կարող խոսել ամերիկյան կառավարության անունից: Այդ հարցերը կարող եք ուղղել ԱՄՆ-ի դեսպանատուն: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր հիասթափություն հնարավոր է, որ Արևմուտքի կողմից եղել է, բայց դա անակնկալ չի եղել»: Նա ընդունում է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում փոխվել են առաջնահերթությունները, և Հայաստանը վերջին տարիներին Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի համեմատ ավելի քիչ ֆինանսավորում է ստացել. «Հայաստանը միշտ վերջին տարիներին հայտնվել է ֆինանսավորման ռադարից մի փոքր ավելի դուրս: Նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունները»:
Գրասենյակը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Այս ընթացքում աջակցել է ժողովրդավարության ամրապնդմանը՝ համագործակցելով քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Գեղամ Սարգսյանը հույս ունի, որ ապագայում այս ծրագրերը կշարունակվեն, սակայն հստակ ժամկետներ առայժմ չի կարող նշել. «Այն ժամանակ կարևոր էր երևի քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքը, կարևոր էր օրենքի գերակայության հետ կապված մեր շրջանակներում աշխատանքը, ընտրական քարոզարշավի կազմակերպումը: Դիմացը չկան ընտրություններ: Այս պահին դա առաջնահերթություն չի համարվում USAID-ի համար: Սա չի նշանակում, որ դա կարող է շատ երկար ժամանակ տևել: Սա դեռևս դիտվում է որպես հնարավորությունների երկիր»: