Ֆրանսիացի իրավապահների Դամարտեն-ան-Գոելում իրականացրած գործողության արդյունքում սպանվել են «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակման գործով երկու կասկածյալները՝ Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրները, ազատագրվել է նրանց պատանդառած անձը։ France-24 հեռուստաալիքը հաղորդում է, որ Փարիզի Պորտ-դը-Վենսեն թաղամասում զուգահեռ գործողության արդյունքում իրավապահներին հաջողվել է ազատ արձակել հրեական սննդամթերքի Hyper Casher սուպերմարկետում պատանդառվածներից մի քանիսին, սպանվել է հինգ մարդ, այդ թվում՝ պատանդառուն։
Գործողություններից քիչ անց France-Presse լրատվական գործակալությունը հաստատեց, որ Դամարտեն-ան-Գոելում սպանվածները Կուաշի եղբայրներն են, իսկ France-24-ը, վկայակոչելով իր աղբյուրը ոստիկանությունում, հայտնեց, որ Պորտ-դը-Վենսենի պատանդառուն Ամեդի Կուլիբալի անուն-ազգանվամբ անձն էր։
The Telegraph-ի փոխանցմամբ, փարիզյան խանութում առնվազն 10 անձ էր պատանդ վերցվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, թե խանութում պատանդառվել է 6 քաղաքացի, և ոստիկանների գործողություններից անմիջապես հետո ֆրանսիական հեռուստաալիքները ենթադրում էին, որ ազատ են արձակվել բոլոր պատանդները։ Իրավապահները փնտրում են Պորտ-դը-Վենսենի խանութի վրա հարձակված երկրորդ ահաբեկչին՝ մի կնոջ, որին հայտնաբերել առայժմ չի հաջողվում։ Sky News-ի հաղորդմամբ՝ այս ահաբեկիչները հայտարարել էին, որ եթե սպանվեն Կուաշի եղբայրները, իրենք կսկսեն սպանել պատանդներին։