Իրանում թե պահպանողական, թե բարեփոխական մամուլում նկատելի է քննադատություն ուղղված «Շառլի Էբդո» երգիծական հանդեսին. հարցականի տակ է դրվում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի առնչությունը ազատ խոսքի հետ:
ԻԻՀ «Իրան» պաշտոնաթերթը, որ արտահայտում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կառավարության տեսակետը, անդրադարձել էր Փարիզի հարձակմանը, առաջին էջում լուսանկարով ու վերնագրով ընդգծելով Փարիզի ահաբեկչությունների արյունոտ տեսարանը:
Անկախ կամ բարեփոխական համարվող «Շարք», «Իթեմադ» թերթերը նույնպես իրադարձությունները ներկայացնում են առաջին էջերում, բայց թեմայի լուսաբանմանը ավելի քիչ տեղ է հատկացված, քան «Իրան» թերթում, կամ Թեհրանի քաղաքապետարանի պաշտոնական «Համշահրի» թերթում:
Պահպանողական մամուլը մեղադրում է Ֆրանսիայի մերձավորարևելյան քաղաքականությունը: Իսլամական հեղափոխության պահապաններին մոտ կանգնած «Ջավան» թերթը գրում է. «Ֆրանսիան այն երկրների թվում է, որտեղից շատ ահաբեկիչներ են մեկնել Սիրիա և կարելի է կանխատեսել, թե այդ ահաբեկիչների վերադարձը որքան վտանգավոր է Եվրոպայի համար»:
Իրաքի մամուլում լուսաբանումը սահմանափակ է: Իրաքի հիմնական թերթերից միայն երեքն էին անդրադարձել Փարիզի ահաբեկչությանը, որոնցից երկուսում արտատպված էին արևմտյան մամուլի հրապարակումները: Իսկ «Ալ Սաբահ ալ Ջադիդ» թերթը ներկայացրել է հարձակումները դատապարտող աշխարհի առաջնորդների հայտարարությունները, ներառյալ ԱՄՆ-ի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները, ինչպես նաև մեկնաբանություն Կահիրեի Ալ Աժար համալսարանից, ուր ասված է, որ «իսլամը բռնությունների դեմ է»: Փարիզում աշխատող իրաքցի լրագրող Ջավադ Բիշարան Իրաքի մամուլի սահմանափակ լուսաբանումը այսպես է մեկնաբանել. «Իրաքի մամուլը մեծ մասամբ անտարբեր էր, որովհետև յուրաքանչուր օր Իրաքում շատ ավելի մարդիկ են սպանվում, իսկ դրան արտաքին աշխարհը հազիվ է արձագանքում»:
Աֆղանստանի թերթերը շաբաթավերջի արձակուրդում են, սակայն թալիբները, օգտագործելով պահը, իրենց կայքում հունվարի 8-ին մի հրապարակում տեղադրեցին՝ Փարիզի սպանությունները ներկայացնելով որպես «ահազանգ բոլոր նրանց համար, ովքեր վիրավորել են իսլամը և մարգարեին»: Բայց հրապարակումը բացահայտ չի պաշտպանում հարձակումը:
Պակիստանի հիմնական թերթերը լայնորեն լուսաբանել են իրադարձությունները, ներկայացնելով լուրեր, մեկնաբանություններ, խմբագրականներ:
Անգլերեն հրատարակվող «Դոն» թերթը հունվարի 9-ին գրել է. «Իսլամն ու մահմեդականները նորից ուշադրության կենտրոնում են ու նորից սխալ պատճառներով»: Թերթը նշում է, որ Կահիրեի ազդեցիկ Ալ Աժար համալսարանը Փարիզի հարձակումը հանցագործություն է համարել և որ իսլամը դատապարտում է ցանկացած բռնություն: Թերթում նշված է, որ Արաբական պետությունների լիգան ևս դատապարտել է սպանդը: Միաժամանակ թերթը հավելում է. «Շատ բան կարելի է ասել և անել, մասնավորապես՝ Արևմուտքում մահմեդականների և ոչ մահմեդականների միջև առաջացող խոր տարաձայնությունների մասին»:
Նույնպես անգլերեն լույս տեսնող «Դեյլի Թայմզ» թերթը, մամուլի ազատության և իսլամին ու Մոհամեդին վերաբերող հարցերում ներկայացնելով տարբեր կարծիքներ, գրել է, որ մահմեդականները կարիք ունեն վերանայելու մարգարեին վիրավորանք հասցնելու մեղադրանքները, հասկանալու համար, որ նրանք ովքեր զենքի են դիմում` համոզիչ հիմնավորումներ չունեն, իսկ նրանք, ովքեր պայքարելու համար որպես զենք խոսքն են ընտրում՝ ի վերջո հաղթանակի են հասնելու:
Թուրքական մամուլը լայնորեն լուսաբանել է Փարիզի սպանդը: Մեկնաբանություններում ևս գլխավորապես դատապարտումներ են, չնայած որոշ չափով տոնայնության տարբերություններ են զգացվում: Կառավարամետ ու կրոնական ուղղվածություն ունեցող «Միլլի Գազեթ» պարբերականի սյունակագիր Ալի Բայրամօղլին գրել է. «Առաջինը, որ հիմա պետք է անել, դատապարտելն է: Բայց հիմնական հարցը պայքարն է՝ թույլ չտալու համար, որ խնդիրները անջատվեն քաղաքականությունից ու միայն ուժային լուծում ստանան»:
Արաբական «Ալ Հայաթ» թերթը խստորեն դատապարտել է հարձակումը՝ հրապարակումը վերնագրելով «Ահաբեկիչները սառնասրտորեն հարվածեցին Փարիզի սրտին»:
Արաբական աշխարհի մեկ այլ հիմնական պարբերական՝ «Աշարք Ալավսաթը» ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան, Արաբական լիգան և Եգիպտոսի Ալ Աժար համալսարանը «Շառլի Էբդոյի» դեմ հարձակումը դատապարտող միջազգային հանրության հետ առաջին շարքերում են:
Օմանի «Ալ Վաթան» թերթը «Ով թույն է պատրաստում, ինքն էլ կխմի» վերնագրի ներքո գրում է. «Որքան ցավալի է, որ աշխարհը շարունակսում է սուզվել սեփական արյան մեջ»:
Կենտրոնական Ասիայում ռուսալեզու centrasia.ru կայքը բաց քննարկում է կազմակերպել «Շառլի Էբդո» երգիծական հանդեսի վրա արյունալի հարձակման շուրջ, ներկայացնելով տարաբնույթ կարծիքներ ու մեկնաբանություններ: Ոմանք մեղադրում են Եվրոպային երեսպաշտության մեջ, գրելով, որ Եվրոպան, պաշտպանելով ազատ խոսքն ու ներգաղթը, հետո սկսում է ճնշել միգրանտներին: «Հնարավոր է՝ նրանք պատասխանել են դրան»,- գրել են ռուսալեզու կայքում:
Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրների մամուլը ևս լայնորեն անդրադարձել է Փարիզի հարձակումներին, հիմնականում ներկայացնելով պաշտոնական դատապարտող հայտարարությունները՝ նշելով, որ ահաբեկչությունը գլոբալ խնդիր է: Ղազախական մի շարք թերթեր գրում են, որ մոտավորապես երեք տասնյակ ղազախ լրագրողներ ծաղիկներ են դրել Ալմաթիում Ֆրանսիայի հյուպատոսության մոտ: Նախաձեռնության հեղինակ Մարժան Էլշիբաևան Tengrinews կայքին ասել է, որ ծաղիկներ դնելով աջակցություն են հայտնում իրենց ֆրանսիացի գործընկերներին:
Սկզբնաղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան