Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հրեա համայնքին առաջարկել է ներգաղթել և հաստատվել հայրենիքում։ Նա ասել է, որ Իսրայելը պարզապես պետություն չէ, որ հիշատակում են աղոթքներում, այլ հայրենիք, որը դռնբաց սպասում է բոլոր հրեաներին։
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կառավարությունը կօգնի բոլոր նորեկ հրեաներին հարմարվելու և տեղավորվելու երկրում։ Նա խոստացել է մոտ օրերս գումարել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը լրացուցիչ մեթոդներ կձեռնարկի Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից ներգաղթող հրեա համայնքի աջակցության համար, ովքեր, նրա խոսքով, ենթարկվում են «սարսափելի հակասեմիտիզմի»:
Անցած տարի եվրոպական երկրներից հրեաների ներգաղթի ցուցանիշը հասել է իր 10-ամյա առավելագույնին. մշտական բնակություն հաստատելու նպատակով Իսրայելում հաստատվել է 26,5 միլիոն հրեա։ Հրեաների արտագաղթի ցուցանիշներով առաջատար է Ֆրանսիան, որտեղից 2014-ին Իսրայել ներգաղթել է 7 000 հրեա, որը կրկնակի ավելի է, քան 2013-ի ցուցանիշը։