ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 20-ին հանդես է գալու նախագահական ամենամյա ուղերձով: Նա հիմնականում կենտրոնանալու է տնտեսության վերականգնման աշխատանքների վրա, սակայն Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումները ստիպելու են նկատելի տեղ հատկացնել ահաբեկչության դեմ պայքարում իր քաղաքականությանը: Բարաք Օբամայի խոսքերով, ահաբեկչությունը, ատելությունից ու մարդկային տառապանքներից զատ, ոչինչ չի տալիս մարդկությանը: Երևույթ, որի դեմ հարկավոր է տանել անկոտրում պայքար, ասում է նա:
Նախագահական ուղերձում նա նկատելի տեղ է մտադիր հատկացնել Իրանում միջուկային զենք արտադրելու հնարավորությունը կանխելու իր ջանքերին: Սակայն ինչպես Օբամայի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Լարի Քորբն է ասում, նախագահն ունի համաշխարհային հարցերից առավել ներքին հարցերի վրա կենտրոնանալու պատճառներ: Քորբի կարծիքով՝ Օբաման վստահ է, որ համաշխարհային բեմահարթակում ուժեղ դիրք ունենալու համար Ամերիկան նախ պետք է ուժեղ հիմքեր ունենա երկրի ներսում:
ՈՒկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումից ի վեր Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները չափազանց սրվել են, սակայն հազիվ թե Օբաման ուղերձում այնքան տեղ հատկացնի մի խնդրի, որը նոր սրություն առաջ կբերեր երկու երկրների հարաբերություններում: Չէ՞ որ Ռուսաստանի հետ հարաբերությունները միայն ՈՒկրաինայով չեն սահմանափակվում: Ռուսները չորեքշաբթի օրն օգնեցին ամերիկացի աստղագնացներին, երբ վերջիններս արտակարգ իրադրության մեջ էին հայտնվել Տիեզերական միջազգային կայանում:
Լարի Քորբի խոսքերով, ռուսները ոչ միայն փրկել են ամերիկացի աստղագնացներին, այլև մեծապես օգնել են Ամերիկային Աֆղանստանում: «Ճիշտ է, դժգոհ ենք ՈՒկրաինայում զարգացող իրադարձություններից, սակայն Ամերիկան չի կարող ընդունել հակառուսական ռազմավարություն: Մենք ռուսների կարիքն ունենք, ում հետ համագործակցում ենք մի շարք բնագավառներում»,- ասում է նա: Ելույթում Օբաման շեշտելու է կլիմայական փոփոխությունները կասեցնելու հարցում Չինաստանի հետ համաձայնությունը, Արևմտյան Աֆրիկայում Էբոլա հիվանդության դեմ պայքարելու համար ամերիկյան ուժեր տեղակայելու հարցը: