ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` ապրիլի 24-ին 102 երկրի ղեկավարների Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում Թուրքիա այցելելու հրավերին, ասել է, թե պարզից էլ պարզ է, որ դա թուրքական պրիմիտիվ հնարք է, որը նպատակ ունի հնարավորինս չեզոքացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ազդեցությունը։ «Դա թուրքական դիվանագիտության հնարքն է, ընդ որում՝ պրիմիտիվ հնարք, ամիսներ առաջ ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը Թուրքիայի նախագահին հանձնեց ՀՀ նախագահի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին զոհերի ոգեկոչման արարողությանը Երևանում, և քանի որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ 100-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենալու, և գիտակցում է, որ մեծ թափ կառնեն ժխտողականության դեմ պայքարը և Ցեղասպանության միջազգային դատապարտման խնդիրը, փորձում են հնարավորինս չեզոքացնել այդ վտանգը, ուստի ձեռնարկում են հակաքայլեր, որոնք, կարծում եմ, բավականին պրիմիտիվ են և անիմաստ»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե խաղացվում է շախմատային պարտիա՞, որտեղ Թուրքիայի և ՀՀ նախագահների քայլերը հաջորդում են իրար, Շարմազանովը պատասխանեց, թե այդ համատեսքտում ակնհայտ է, որ Թուրքիայի քայլը սխալ էր։ «Շախմատում ամեն քայլ չի, որ արդյունավետ է։ Շախմատում պարտվում է ոչ թե նա, ում մրցակիցը լավ է խաղում, այլ նա, ով վատ է խաղում: Ես շախմատի մեծ գիտակ չեմ, բայց կարող եմ ասել, որ սա շախմատային տրամաբանությամբ սխալ քայլ էր, որի արդյունքում հնարավոր է, որ կորցնեն կարևոր խաղաքարեր ու տանուլ տան»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե հրավիրյալների թվում է նաև ԱՄՆ նախագահ Օբաման, այն դեպքում, երբ Օբաման ամենամյա ուղերձով է հանդես գալիս, և հայությունը այդ օրն սպասում է նրանից Genocide բառի արտասանումը, Շարմազանովը հակադարձեց. «Կարծում եմ` հայությունն այդ օրը նախ և առաջ սպասում է իր ժողովրդի ոգեկոչմանը, սպասում է հայության միասնությանը և բոլոր նրանց, ովքեր պայքարելու են ժխտողականության դեմ, բոլոր նրանց, ովքեր մարդու իրավունքի պաշտպաններն են։ Եվ բոլոր նրանք, ովքեր իրոք ժողովրդավարության ջատագովներ են, ֆիզիկապես կամ գոնե մտովի և հոգով կլինեն Ծիծեռնակաբերդում»։
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանն ունի իր օրակարգը, 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կան, կա 100-րդ տարելիցի հանձնաժողով։ «Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և 100-րդ տարելիցը պետք է մի հանգրվան լինի Ցեղասպանության միջազգային դատապարտման համար: 100-րդ տարելիցով չի ավարտվելու մեր պայքարը, սկսվելու է Ցեղասպանության միջազգային ճամաչման և դատապարտման պայքարի նոր փուլ, իսկ թուրք իմ գործընկներին մի բարի լուր ասեմ, որ 2015-ին կլինի երկիր, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը կամ էլ Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրենք կընդունի»,-նշեց նա։