«Ողբերգություն Գյումրիում. ինչ անել, որ Ռուսաստանը չկորցնի Հայաստանը»՝ վերտառությամբ հոդված է հրապարակել Forbes-Ռուսաստան հանդեսը: Ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը գրում է. «Ռուս քաղաքական գործիչները՝ առաջ տանելով «կենացների և խնջույքների քաղաքականությունը դարավոր եղբայրության մասին», երկար ժամանակ անտեսում էին հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիները և ընդամենը երկու շաբաթ առաջ ոչինչ չէր կանխագուշակում սպասվող ցնցումները: Ծայրահեղ անհրաժեշտ է հասկանալ Երևանի և Մոսկվայի երկկկողմ հարաբերությունների ընկալման տարբերությունները»:
Ըստ նրա, հայկական ուղղությունը ռուսական արտաքին քաղաքականության կարևոր, սակայն բազմաթիվ ուղղություններից մեկն է, իսկ Հայաստանում ռազմավարական գործընկերոջ ցանկացած քայլ մանրադիտակով է անցկացվում: ՈՒստի ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող է ընկալվել ցանկացած խոսքն ու քայլը այն պետությունում, որին դու սովոր ես ռազմավարական գործընկեր համարել: Մարկեդոնովի համոզմամբ, ռուս-հայկական հարաբերությունները լուրջ փորձությունների են ենթարկվում: «Հանգուցային հարցը, որի շուրջ եռում են կրքերը, Գյումրու ողբերգության արդար դատավարությունն է: Կհանձնվի՞ ոճրագործը Հայաստանին, թե՞ նրան կպատժեն Ռուսաստանում: Այս հարցի կարևորությունը չպետք է անտեսել», գրում է Մարկեդոնովը՝ ընդգծելով, որ ցանկության դեպքում իրավաբանները կարող են հիմնավորումներ գտնել չափազանց զգայուն հարցը ճիշտ կարգավորելու համար:
Առաջին պլան պետք է մղվի թափանցիկ, որակյալ և հրապարակային հետաքննության հարցը, որին կմասնակցեն և հայ, և ռուս իրավապահները՝ ցուցադրելու համատեղ աշխատանքի ողջ ներուժը: Դա նաև կնպաստի երկու երկրների պետական կառույցների միջև վստահության ամրապնդմանը:
Լռության պահպանումն ու նախաձեռնողականության կորուստը նման աղմկահարույց դեպքերում հղի են վատ հետևանքներով՝ գրում է Մարկեդոնովը: Պատմաբան-վերլուծաբանը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահի ցավակցությանը իր հայ պաշտոնակցին, ընդգծում է. «Կարևոր է ճիշտ ժամանակին արձագանքելը, սա այն դեպքն է, երբ լավ է ուշ, քան երբեք: Որքան էլ բոլորը գիտակցեն Ռուսաստանի կարևորությունը ղարաբաղյան ստատուս-քվոյի պահպանման հարցում, դա առիթ չէ ռուս քաղաքական գործիչների համար անտեսող քաղաքականություն վարելու համար՝ ոչ մի տեղ չեն փախչի սկզբունքով», գրում է վերլուծաբանը: Մարկեդոնովը հիշեցնում է, որ նման պահվածքը կործանիչ դերակատարություն ունեցավ ռուս-ուկրաինական հարաբերություններում: