ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, 2015-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կհրավիրի բանակցությունների՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ջանալու է, որ բանակցությունները շարունակվեն նախագահների և նախարարների մակարդակով: «Նախագահների վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարի՝ Փարիզում: ԱՄՆ-ը ցանկանում է, որ բանակցությունները վերականգնվեն նախագահների մակարդակով: Պետք է որոշակի թեմաներ որոշվեն, որոնցից կախված են լինելու բանակցությունները: Այդ ուղղությամբ էլ այժմ աշխատում են համանախագահները: Կարևոր պահ, որ կողմերն ու համանախագահներն ուշադրությունը կենտրոնացնեն հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Վերջին շրջանում նկատվող լարվածության աճը կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ»,- ասել է նա: Դիվանագետը նշել է, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը թե նախագահների հանդիպումից առաջ, թե հետո ակտիվ է եղել իր հայտարարություններով ու սոցցանցերում իր գրառումներով: Նա վստահություն է հայտնել, որ համանախագահը 2015-ին կշարունակի իր ակտիվությունը: