ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առաջ հանդես է եկել ամենամյա ելույթով: «Երկրի վիճակի մասին» հաշվետություն ներկայացնելով, Օբաման հայտարարել է՝ ԱՄՆ-ը շրջում է իր պատմության էջը: ՈՒղերձում, բացի ներքին հարցերից, ԱՄՆ-ի նախագահը անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին, Կուբայի հետ հարաբերությունների բարելավմանը: Նա հերթական անգամ Կոնգրեսին կոչ է արել փակել Գուանտանամոյի ռազմական բազայի բանտերը ահաբեկչության մեջ կասկածվող արտասահմանցիների համար:
Օբաման խոսել է նաև ուկրաինական ճգնաժամից, նշել, որ Ռուսաստանն այսօր հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ ռուսական տնտեսությունն էլ քայքայված է: «Մենք ցուցադրում ենք ամերիկյան դիվանագիտությունն ու ուժը: Մենք մեր սկզբունքներն ենք պաշտպանում՝ մեծ երկրները իրավունք չունեն հարձակվելու փոքր երկրների վրա, և մենք կդիմադրենք ռուսական ագրեսիային՝ աջակցելով ՈՒկրաինայի ժողովրդավարությանն ու ոգևորելով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,- հայտարարել է նախագահ Օբաման:
Նա պատմել է, որ անցած տարի, երբ ԱՄՆ-ը զբաղված էր իր դաշնակիցների հետ պատժամիջոցների սահմանման ծանր աշխատանքով, «ոմանք կարծում էին, որ Պուտինի ագրեսիան ռազմավարության և ուժի հնարամիտ ցուցադրություն էր»: «Ես լսել եմ նման հայտարարություններ: Սակայն այսօր հենց Ամերիկան է ավելի ուժեղ և միավորված իր դաշնակիցների հետ: Հենց այդպես է Ամերիկան առաջ մղվում՝ ոչ թե դատարկ սպառնալիքների, այլ հաստատակամ վճռականության շնորհիվ»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: