«ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գտնվում էր Ղրիմում, երբ Մոսկվայում 1991-ի օգոստոսին նրա նախկին համախոհները փորձեցին հեղաշրջում կազմակերպել»,- գերմանական Die Welt թերթում գրում է Ֆիլիպ Պյատովը: «Հեղաշրջման ձախողումից ընդամենը մի քանի օր անց Բորիս Ելցինն ուղիղ եթերում տեղեկացրեց Գորբաչովին, որ ԽՄԿԿ գլխավոր քարտուղարն էր նաև, կոմունիստական կուսակցության արգելման մասին: Ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես Խորհրդային Միության երբեմնի ամենահզոր մարդը հաշված օրերի ընթացքում դարձավ քաղաքական դիակ»: «Բայց իշխանափոխությունը Ռուսաստանում հենց այնպես չեղավ»,- հիշեցնում է լրագրողը: «Խորհրդային տնտեսությունը խարխլվել էր, նավթի գինը շատ ցածր էր, Աֆղանստանում պատերազմը խժռում էր բյուջեի հսկայական միջոցները: Նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, ով ղեկավարել է երկիրը 18 տարի, ժառանգություն թողեց քաղաքական և տնտեսական լճացում, որն ի վիճակի չեղավ հաղթահարել անգամ բարեփոխիչ Գորբաչովը:
Այսօր զուգահեռները 2015-ի Ռուսաստանի և 1991-ի Խորհրդային Միության միջև «հստակ տեսանելի են»,- գրում Պյատովը:
«Եթե մենք հետևենք Պուտինի տրամաբանությանը, իրավիճակը Ռուսաստանում այնքան էլ սարսափելի չէ, նա պայծառ ապագա է կանխատեսում, որտեղ նավթի ցածր գներին և ազգային արժույթի անկայունությանը տեղ չկա: Նրա վերջին երեք ժամ տևած մամուլի ասուլիսը տպավորություն թողեց, թե Ռուսաստանում ճգնաժամի հետք էլ չկա: Պուտինն ընդգծեց, որ պետական բյուջեն հավասարակշռված է, կենսաթոշակները բարձրացել են և այս ամենի հետ մեկտեղ ռեկորդային բերք է հավաքվել: Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքին, նավթի ցածր գներին և գնաճին, այս ամենը, նրա խոսքերով, խնդիրներ են ստեղծում ՌԴ տնտեսության համար, սակայն ամենաուշը երկու տարի անց, և տա Աստված ավելի շուտ, այն կվերսկսի աճը: Ինչպես հայտարարեց Պուտինը, ճգնաժամն ունի նույնիսկ դրական կողմեր. ՌԴ տնտեսությունն ի վերջո դիվերսիֆիկացվում է: «Ինչո՞ւ»,- ինքն իրեն հարցնում է Պուտինը և պատասխանում. «դե, քանի որ պետք է»»:
«Մինչդեռ նավթի գներն անկում են արձանագրում ոչ առաջին անգամ և Ռուսաստանի տնտեսությունը բավականաչափ հնարավորություններ է ունեցել ազատվելու նավթային և գազային կախվածությունից: Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի փաստացի 15-ամյա իշխանությունը, տեղի ունեցածի պատասխանատվությունը նա է կրում: Պուտինի համար այն, ինչ տեղի է ունենում այժմ Ռուսաստանում, ոչ ավելին է, եթե ոչ պարզապես ճգնաժամերից հերթականը: Սակայն իրականությունն այլ է: Այնքան վատ, քան այժմ է, Պուտինի գործերը երբեք չեն եղել, ուստի այս տարին նրա համար կարող է լինել վերջինը: Եվ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն տնտեսական պատճառներով»,- ենթադրում է հոդվածագիրը: «Պուտինին այժմ սպառնում է ոչ այնքան ժողովրդի, որքան էլիտայի ցասումը: Ռուսաստանյան էլիտան կարիք չունի ժողովրդավարության, բայց հետաքրքրված է Պուտինի ընդլայնման իմպերիալիստական ծրագրերով: Այս դեպքում քաղաքական և տնտեսական կայունությունից է կախված պետական միջոցների յուրացման և անձնական հարստություն կուտակելու հնարավորությունը: Օլիգարխները, գործարարները և քաղաքական գործիչներն ընկերություն են անում Պուտինի հետ, սակայն այս մտերմությունը կարող է ավարտվել այն պահին, երբ նախագահը որոշի, որ նրանց միլիարդները ճգնաժամի պայմաններում պետության համար ռեսուրս կդառնան: Բացի այդ, ռուսաստանցի օլիգարխները շահեր չունեն ՈՒկրաինայում: Նրանք շահագրգռված չեն Արևմուտքի դեմ նոր սառը պատերազմով՝ ի տարբերություն Պուտինի»:
«Պուտինի պաշտոնավարման առաջին իսկ պահից, մենք շահերի հակասություն ենք տեսնում նախագահի և տնտեսա-քաղաքական էլիտայի միջև: Արևմուտքը ցանկանում է հաշիվ տեսնել Պուտինի, այլ ոչ թե ռուսաստանցիների հետ: Եթե կգտնվեն կողմնակիցներ Պուտինի նեղ շրջանակում, նա չի ձգի 2015 թվականը»,- գրում է Die Welt-ի հոդվածագիրը: