Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը դեմ է իսլամատյացությանը, պետք է Թուրքիային ընդունի իր կազմում: Եթովպիա այցն ամփոփող մամուլի ասուլիսում Էրդողանը խոսել է ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտությունների ու քաղաքացիական պատերազմների ժամանակ մահմեդականների զանգվածային սպանությունների դեմ: Նա հայտարարել է, որ Թուրքիան երբեք հանդուրժող չի լինի ահաբեկիչների նկատմամբ, որոնք կարող են տարբեր կրոնների պատկանել: Այնուհետև նա կտրուկ փոխել է թեման՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ գրել է Hurriyet Daily News-ը: «Մենք ստուգում ենք Եվրոպային: Կարո՞ղ է Եվրոպան իր շարքերն ընդունել Թուրքիային, որի բնակչությունը մահմեդական է: Եթե դուք դեմ եք իսլամատյացությանը, Թուրքիային պետք է ընդունեք Եվրամիություն»,- հայտարարել է նա: «Թուրքիան ՆԱՏՕ-ի, ՏԶՀԿ անդամ է… Ինչո՞ւ մեզ թույլ չեք տալիս անդամակցել ԵՄ-ին: Ստացվում է, որ խնդիրը բոլորովին այլ է»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ «այսօր Թուրքիան ուժեղ երկիր է և չի կանգնի ԵՄ-ի դռների առջև և խնդրի անդամակցության համար»: Նա ընդգծել է, որ եթե Թուրքիային չընդունեն ԵՄ, կգնա իր ուղիով: