Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Նշելով, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է. «Մինչ օրս Իսրայելը դա չի ճանաչել որպես ցեղասպանություն»: Ռիվլինը մեջբերել է 1915-ին Պաղեստինում հրեական լրտեսական ցանցի՝ «Նիլի»-ի առաջատար անդամներից մեկի՝ Ավշալոմ Ֆեյնբերգի գրածը. «Ես ատամներս սեղմած մտածում եմ, թե ով է լինելու հաջորդը: Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված և սուրբ հողի վրա, ինքս ինձ հարցրի՝ արդյոք մենք ապրում ենք ժամանակակից աշխարհո՞ւմ՝ 1915 թվականին, թե՞ Տիտոսի և Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Արդյո՞ք մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցրի ինձ՝ եթե իրավունք ունեմ ողբալու միայն իմ ժողովրդի վիշտը, մի՞թե Երեմիա մարգարեն արցունք չի թափել հայերի հետ միասին»:
«Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և հերքման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր հերքում տեղի ունեցած կոտորածը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են այդ աղետը վերապրած սոված և խղճուկ հազարավոր հայ փախստականներին, ովքեր Երուսաղեմ են հասել: Նրանք այնտեղ ապաստան գտան, և մինչ օրս նրանց ժառանգները շարունակում են ապրել Երուսաղեմում»,- ասել է ծնունդով երուսաղեմցի 76-ամյա նախագահը: «Այն ժամանակ՝ 1915-ից հետո հարց էր առաջանում՝ ո՞վ է հաջորդը: Պատասխանը չուշացավ՝ մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են»,- շեշտել է Ռիվլինը: Իսրայելի նախագահը կոչ է արել կարմիր գիծ սահմանել, որից այն կողմ ՄԱԿ-ը պարտավոր է միջամտել՝ կանխելու ցեղասպանություններին ուղղված գործողությունները:
«Անկեղծ հարց տանք ինքներս մեզ՝ մեր պայքարը, ՄԱԿ-ի պայքարը ցեղասպանություն երևույթի դեմ բավարար արդյունավե՞տ էին: Բոսնիայում արդյունավե՞տ էր, Խոջալուի սպանությունները կանխելու համար արդյունավե՞տ էր, արդյունավե՞տ է այսօր Սիրիայում, կամ Նիգերիայում՝ «Բոկո հարամ»-ի դեմ»,- ասել է Ռիվլինը: «Մյուս կողմից՝ պետք է հիշենք, որ այդ կարմիր գծերը պարտավորեցնելու են մեզ չաղավաղել ու ցինիկաբար չշահարկել այն կեղծ օբյեկտիվության անվան տակ, ինչն արվում է մարդու իրավունքների հռետորաբանության դեպքում, որը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործում է միայն քաղաքական նպատակներով»,- հայտարարել է Իսրայելի նախագահը: