Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԼՂ ոստիկանությունը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծի մասին

ԼՂ ոստիկանությունը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծի մասին
01.02.2015 | 13:36

Երեկ Բերձորի մոտ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։ «Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո»,- հայտնում է ոստիկանությունը՝ առանց մանրամասնելու «հակաօրինական գործողությունների» բնույթը։
«Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Իսկ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում փորձում են խափանել իրենց ավտոերթը։
«Մեզ տեղեկություններ են հասնում, որ ռեժիմի ցուցումով Բերձորում մարդկանց են հավաքել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով և որպես ազատամարտիկ ներկայացող ծպտյալ ոստիկանների, ովքեր պետք է խափանեն ավտոերթի մուտքը Արցախ: Բերձորում հավաքված մարդկանց շրջանում սուտ լուրեր են տարածել, որ մենք զինված ենք: Բացի այդ, մարդկանց փորձում են համոզել, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոերթը դավադրաբար նպատակ ունի այնպես անել, որ ՀՀ-ից զորակոչված ժամկետային պարտադիր կազմի զինծառայողները այլևս չծառայեն Արցախում և վերադառնան՝ Արցախին թողնելով մենակ ու անպաշտպան»,- ասված է շարժման հաղորդագրությունում։
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ ավտոերթը զինված չէ, իրենք Լեռնային Ղարաբաղ են գնում կանանց ու երեխաների հետ:
«Ինչ վերաբերում է Արցախը անպաշտպան թողնելու մասին հերյուրանքին, ապա հերթական անգամ նշում ենք, որ մեր շարժման ռազմավարական նպատակներից մեկն էլ Արցախի վերջնական միավորումն է Հայաստանին և համազգային ջանքերով Արցախի արդյունավետ պաշտպանության կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարություն էր տարածել, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաները և դրոշները: Ըստ հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հիմնադիր խորհրդարանը հայտնել էր նաև, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, ովքեր պետք է դիմավորեին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցներին։

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ