ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարևոր է համարում ղարաբաղյան բանակցային գործընթացում ԱՄՆ-ի դերի ակտիվացումը, նաև՝ Ադրբեջանին աջակցելը։ «Կովկասի բանբեր»-ի հետ զրույցում նախկին համանախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը բավականաչափ չի հետաքրքրվում այդ խնդրով, և ամերիկյան ղեկավարությանը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին քաղաքական աջակցություն երաշխավորել՝ բանակցություններում բեկումնային պահի հասնելու համար։
«Կամ էլ ԱՄՆ-ի նախագահը պետք է ժամանակ առ ժամանակ անմիջական հանդիպումներ ունենա նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ, ինչպես անում էր Դմիտրի Մեդվեդևը, երբ նախագահ էր։ Միաժամանակ, նախագահ Օբաման պետք է հրապարակավ ցույց տա, որ այդ հակամարտությունը կարևոր է ԱՄՆ-ի համար։ Թեև, ըստ իս, Օբաման հակամարտություններ շատ ունի, և ամենակարևորն այն է, որ կողմերից մեկն ինչ-որ քայլ անի, որը ցույց կտար, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պատրաստ են լուրջ փոխզիջումների։ Սա, ի դեպ, կարող է գրավել ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունը»,- նշել է նա։
Բրայզան հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման հանդեպ հետաքրքրությունը կարելի է արթնացնել նաև այլ միջոցներով։ «Ադրբեջանական սփյուռքը, ինչպես և թուրքականը, կարող է ավելի ակտիվ դեր կատարել այս հարցում և ԱՄՆ-ում կարծիք ձևավորել։ Դա լավ կլինի, բայց դեռ բավարար չէ։ Իսկ եթե, օրինակ, Բաքուն կամ Երևանը կամ երկու կողմերը միաժամանակ ինչ-որ քայլեր անեն և նախագահները հայտարարեն, որ պատրաստ են անմիջական բանակցություններ վարել, դա շատ դրական աղմուկ կբարձրացնի, որը կգրավի Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը», - վստահ է ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպանը։
Միաժամանակ Բրայզան հայտարարել է, որ վաղ թե ուշ ամերիկացի առաջնորդները խոստովանում են, որ Ադրբեջանի նկատմամբ կան ռազմավարական շահեր և դրանք պետք է պաշտպանել։ «Եթե Օբաման խոսում է իր ռազմավարական շահերը պաշտպանելու մասին՝ օգնելով Սաուդյան Արաբիային, ինչո՞ւ նույնը չանի Ադրբեջանի պարագայում», - առաջարկել է դիվանագետը։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասին չափազանց քիչ ուշադրություն է դարձնում: «Ես կարծում եմ՝ այստեղ խիստ հարկավոր է ԱՄՆ-ի ռազմավարությունը, իսկ դրա առաջին քայլը պետք է դառնա Հարավային Կովկասում Ամերիկայի շահերը որոշելը»,- ընդգծել է Բրայզան։