Թուրքիայի նախագահի խոսնակը «անընդունելի» է որակել Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Օսմանյան կայսրության կողմից Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի տարեդարձը Էրդողանի հրավերով Թուրքիայում նշելու հրավերի կապակցությամբ:
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը ասել է․ «Մեզ համար անընդունելի են նմանօրինակ արտահայտությունները, որոնք հակասում են դիվանագիտական պրակտիկային: Պետական գործչին ոչ վայել այդ դիտողությունները մենք վերադարձնում ենք պարոն Սարգսյանին»: Էրդողանի խոսնակը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարել «պատմության միակողմանի» մեկնաբանությունների դեմ: