Հունվարի 31-ին Մինսկում անցկացված բանակցությունները, որոնց նպատակն էր վերջ դնել ռազմական գործողություններին ՈՒկրաինայի արևելքում, առաջընթաց չեն արձանագրել: Բանակցություններում ՈՒկրաինան ներկայացնող նախկին նախագահ Լեոնիդ Կուչման «Ինտերֆաքսին» ասել է, որ անջատականների երկու ներկայացուցիչները ուլտիմատումներ են ներկայացրել և հրաժարվել են քննարկել «անհապաղ հրադադար հաստատելու և ծանր զինտեխնիկան հետ քաշելու» առաջարկները: Չորս ժամ տևած բանակցություններին, որոնք անցկացվել են Բելառուսի արտգործնախարարության շենքում, ներկա են եղել ՈՒկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Թալիավինին, անջատականներին ներկայացնող Դենիս Պուշիլինինն ու Վլադիսլավ Դեյնեկոն: Պուշիլինը հայտարարել է, որ իրենք մերժում են ուլտիմատումների լեզուն և ՈՒկրաինային է մեղադրել խաղաղարար գործընթացը տապալելու մեջ: