ԱՄՆ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին հունվարի 30-ին ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդի կոնֆերանսում՝ նվիրված ԵՄ Արևելյան հարևանության ծրագրի իրականացման հարցերին հետխորհրդային երկրներում: Պավել Շիդլովսկին հայտարարել է, որ Բելառուսի անկախությունը վտանգված է և խնդրել է օգնել: Ատլանտյան խորհրդի նիստում պաշտոնական Մինսկի ներկայացուցչի ելույթը տեղակայվել է youtube.com-ում: Կոնֆերանսին մասնակցել են Արևելյան հարևանության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրախորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը և այլք: Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի խոսքը անակնկալ է եղել և հարուցել է փորձագետների բուռն արձագանքը: «Այո, մենք պրոբլեմներ ունենք մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, ժողովրդավարության, ամեն ինչ այնքան իդեալական չէ, որքան կարող էր լինել: Բայց մենք հնարավորն անում ենք, որ բարելավենք մարդու իրավունքների հետ կապված վիճակը: Այս իրավիճակում կարևորն այն է, որ խնդրո առարկան մեր ինքնիշխանությունն է, մեր անկախությունը,-ասել է Շիդլովսկին:- Բելառուսին պետք է ներգրավել և Եվրամիության, և Ռուսաստանի հետ համագործակցության մեջ»: «Ես առաջարկում եմ բոլոր ելույթ ունեցողներին ընդունել Բելառուսի առանձնահատուկ տեղը, Բելառուսի առանձնահատուկ դերը այս պահին և օգնության ձեռք մեկնել այն տնտեսական իրավիճակում, որում մենք հայտնվել ենք Ռուսաստանի տնտեսական պրոբլեմների պատճառով: Ժամանակն է Բելառուսի հետ համագործակցելու»,- ասել է Պավել Շիդլովսկին: Նրա խոսքով՝ անկախության սպառնալիքը արևելաեվրոպական տարածքի անկայունությունից է բխում: Պատասխանելով անկախության սպառնալիքի պատճառի մասին հարցին՝ նա ասել է. «Ես կոնկրետ երկրներ չեմ նշի: Անկայունությունը, անկանխատեսելիությունը, մեզնից արևմուտք՝ սպառազինությունների մրցավազքը: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, որ կատարվողը մեր դեմ չի ուղղված, որ մեր երկիրը այդ աշխարհաքաղաքական խաղում կորուստներ չի ունենա, որ մենք չենք կորցնի անկախությունը»: