Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայի արդարադատության ակադեմիայում ունեցած ելույթում դժգոհել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդամենը 5 անդամ ունի, և կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքը: Նրա խոսքով` ներկայում աշխարհի ճակատագիրը կախված է ՄԱԿ-ի 5 մշտական անդամ երկրներից, և դա «անարդարացի է»: Նա դժգոհել է, որ մնացած երկրները, որոնք կարող են ՄԱԿ-ի ԱԽ-ում միայն ժամանակավոր անդամ ընտրվել, չեն կարող էական ազդեցություն ունենալ համաշխարհային զարգացումների վրա:
Էրդողանը նաև նշել է, որ մուսուլմանական երկրները պետք է մտցվեն ՄԱԿ-ի ԱԽ կազմ: Նա նման համոզման է հանգել, հատկապես, Սոմալի և Ինդոնեզիա այցերից հետո: «Աշխարհը 5-ից մեծ է: ՄԱԿ-ի ԱԽ-ում աշխարհի 196 երկրներից միայն 5 երկրների վետոյի իրավունք ունենալն անարդարացի է: Այնտեղ մուսուլմանական երկիր ընդգրկված չէ: Աշխարհամասերից էլ բացակայում են Աֆրիկան և մյուսները: Սա անարդարացի է, և մեր իրավունքն է պահանջել բարձրացնել այդ հարցը», -ընդգծել է Թուրքիայի նախագահը: