Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին անհաղթահարելի խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Դեսպանի խոսքով՝ ինքը չի տեսնում հաշվարկներ, առնվազն այս պահի դրությամբ, որոնք կխանգարեին զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ որոշ ուղղություններով: Դրանց թվում դեսպանը նշել է էներգետիկ ոլորտը: Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին անդրադառնալով, դիվանագետը նշել է, որ օրակարգում համագործակցության առաջնահերթությունների որոշումն է: «Կփորձենք հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինեն ոլորտները, որտեղ կարող է համագործակցությունը զարգանալ»,-նշել է դեսպանը:
Շարպանտիեն ասել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, դա չի կարելի անտեսել: Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին անդրադառնալով՝ դեսպանն ընդգծել է, որ մարտի սկզբին Երևանում կբացվի «Կարֆուր» խանութների ցանցի առաջին խանութը: Նրա խոսքով՝ «Կարֆուրի» քաղաքականությունը տեղի արտադրողների հետ համագործակցությունն է: Միաժամանակ դեսպանն ասել է, որ ընկերության արտադրանքը յուրահատուկ է և պետք է գտնի իր սպառողին: