ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփումների շարունակումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար։ «Փաստն այն է, որ երկու նախագահներն էլ գիտեն՝ ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար համապարփակ կարգավորում գտնելու համար։ Մենք գիտենք, որ անցած տարվա իրենց քննարկումներում նրանք մոտեցրել էին իրենց դիրքորոշումները և կրճատել տարաձայնությունները։ Շատ կարևոր է, որ նրանք շարունակեն քննարկումները, որովհետև այն, ինչին մենք հիմա ականատես ենք լինում տարածաշրջանում՝ բռնության աճը, ոչ մի երկրի կամ տարածաշրջանի ժողովրդի շահերից չի բխում»,- ասել է ՈՒոռլիքը։ Նրա կարծիքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը նախագահների տարաձայնությունների հաղթահարումն է։
«Մենք կաջակցենք նրանց այդ հարցում։ Մենք համապարփակ հանգուցալուծում ենք փնտրում։ Եվ որպես այս համապարփակ հանգուցալուծման մաս՝ մի շարք հարցեր կան, որ պետք է քննարկվեն մեր կողմից»,- ասել է ՈՒոռլիքը։