Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրման կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ։ Ինչպես և նախկինում մեծ է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը»,- նշել է Լուկաշևիչը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության տեղեկությունով, որը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, միայն այս տարվա հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ «Հասկանալի է, որ զոհերի փաստացի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել»,- ասել է Լուկաշևիչը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում (2015-ի հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո) կա «դիմում հակամարտության բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը»։ Այսօր համանախագահները Մյունխենում հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, ում հետ նույնպես կքննարկվի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը։ «Խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, կոչ ենք անում խուսափել այն քայլերից, որոնք հանգեցնում են հակամարտության սրմանը»,- ասել է Լուկաշևիչը: