Ցեղասպանության պատճառների ու հետևանքների պատմության գեղարվեստական փաստ դառնալու անհնարինությունը վիճարկելու ապացույց է ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻ «Մասիսները» վիպակը: 2004-ին գրված վիպակը հագեցած է պատմական փաստերով ու լիովին կարող է համարվել փաստավավերագրական, այդուհանդերձ՝ պատմական փաստաթղթերը պատկերը համապարփակ դարձնելու նպատակ ունեն: Պատմության հայտնի ու անհայտ կողմերը ներկայացնելը չի եղել հեղինակի խնդիրը, այդ խնդիրը պատմաբաններինն է, գլխավորը մարդն է, որ որոնում է ճշմարտություն ու արդարություն՝ սահմանի այս ու այն կողմում: Թեև կինոսցենարի կառուցվածքով գրված վիպակը տպագրվել է Այդին Մորիկյանի «Մնացյալ կյանքի առաջին օրը» գրքում, ասելիքի բովանդակությունն ու արդիականությունը իրավունք են տալիս վերատպել «Մասիսները» վիպակը՝ բոլոր նրանց համար, ովքեր մտածել ու մտածում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատճառների ու հետևանքների, հայերի և թուրքերի փոխհարաբերությունների և… Մասիսների մասին՝ իբրև ապագա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Կինոխցիկը դանդաղ սկսում է վեր բարձրանալ Երկիր մոլորակից ու կանգնում է երկնքում այն դիրքով, որով հստակ երևում են Արարատները:
Հաղորդավարական տեքստ.
-Միշտ չէ և ամեն ինչ չէ, որ եղել է այնպես, ինչպես այսօր է: Ինչ-որ ժամանակ անգամ մեր Երկիր մոլորակն է բոլորովին այլ եղել: Ավելի հարթ, ավելի մեղմաբարո և բոլորովին այլ համամասնություններով: Բայց մայր ցամաքներ են բախվել միմյանց, որոնք լեռների ու հրաբուխների սկիզբ են դարձել…
Մասիսների ծնունդը, հաստատապես, Տիրոջ կամքով ու ցանկությամբ է, քանզի Աստծո որոշմամբ հենց այդ լեռներում պետք է հանգրվաներ Նոյան տապանը, ու կյանքը պետք է վերսկսվեր հենց այստեղից:
Մասիսները վերևից, հետո մեր կողմից, հետո՝ Թուրքիայի, հետո՝ էլի մեր: Խոր վիրապով:
Տիտրեր
Հռոմ: Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակը: Աղավնիներ: Երեխաներ: Հանկարծ ինչ-որ մի անկյունում մանկական խաղահրապարակ է հայտնվում: Նույն ֆոնի վրա: Մանկական տարբեր խաղեր: Եվ ավազե մի հատված նաև: Մի փոքրիկ տղա և մի փոքրիկ աղջիկ այդ ավազի մեջ ինչ-որ բան են սարքում, գրեթե քառակուսիներ, որոնք ոչ թե առանձին-առանձին են, այլ գումարվում են միմյանց:
Երկու թարգմանիչները քայլում են այդ հրապարակով և ընդամենը ինչ-որ մի պահ ուշադրություն են դարձնում ավազով խաղացող երեխաներին:
Հետո նստում են նստարանին, և իրենք էլ են փորձում կերակրել աղավնիներին:
-Քեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե որն էր ավելի կարևոր՝ Նոյի աղավնի՞ն, թե՞ Նոյի ագռավը:
-Չէ, մտքովս էլ չի անցել:
-Ինչո՞ւ:
-Չգիտեմ: Կարդացել և ամեն ինչ ընդունել եմ հենց այնպես, ինչպես կարդացել եմ:
-ՈՒ չի՞ հետաքրքրել:
-Ինձ ավելի շատ մտահոգում է, որ մենք հիմա գրեթե անգործ ենք մնացել:
-Հա, դա իսկապես մտահոգիչ է:
-Արդեն քանի օր է՝ այստեղ ենք, բայց օրը մեկ-երկու ժամից ավելի չենք աշխատում:
-Մերոնք կարծես թե չեն ուզում որևէ տեղաշարժ ապահովել բանակցություններում:
-Բայց ինչո՞ւ, չեմ հասկանում:
-Կարծես թե ինչ-որ այլ՝ կողմնակի ազդակների են սպասում:
-Կարծես թե չեն վստահում միմյանց:
-…Խնդիրը մենք իրար հետ լուծեցինք՝ լուծեցինք, չէ՝ չէ…
Երկու թուրքերի բարձրաշխարհիկ զրույց: Ֆեսերով են, քայլում են Մարմարա ծովի ափով: Ոչ միայն զրուցակիցների ֆոնին, այլև «անկապ» միմյանց հերթագայում են Կոստանդնուպոլիսը, ապա Ստամբուլը բնորոշող դարասկզբի պատկերները:
-…Ես ձեզ պարզապես չեմ հասկանում, էֆենդի:
-Հավատացեք, էֆենդի, որ ես այլ կերպ չէի կարող վարվել:
-Բայց դուք պարտավոր էիք…
-Ինչո՞ւ,- խիստ զարմացած ու տարակուսած, բայց ակնդետ նայում է ուղիղ զրուցակցի աչքերին:
-Որովհետև հայրենիքի շահը դա էր պահանջում:
-Իմ հայրենիքի շահը արդարամտությունն ու ազնվությունն է:
-Բայց չէ՞ որ դուք Ստամբուլի ու ոչ միայն Ստամբուլի լավագույն փաստաբանն եք, էֆենդի:
-Հետո՞ ինչ:
-ՈՒրեմն և դուք լավագույնս կարող էիք պաշտպանել փաշային:
-Էֆենդի, ես արդեն քանիցս ստիպված եմ կրկնել, որ ես չէի կարող պաշտպանել Թալեաթին: ՈՒ նաև՝ չէի ուզում:
-Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ, էֆենդի: Վճիռն էլ, գիտեք, բարձրագույնն էր լինելու:
-Որովհետև ինքս ավելի, քան երեկ կամ այսօր կազմավորված այդ ռազմական ատյանները, դատապարտում եմ նրանց: Որովհետև նրանց արածը չունի որևէ արդարացում ոչ այստեղ՝ երկրի վրա, ոչ էլ, առավել ևս, երկնքում… Եվ դա, էֆենդի, անկախ բոլոր տեսակի երկրային-դատական պաշտպանություններից, մեղադրանքներից, եզրակացություններից, որոշումներից, վճիռներից և դրանց ի կատար ածվելուց կամ չիրագործվելուց…
-…Պատերազմ էր, էֆենդի…
-Դուք արդարացումներ եք փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան ու չեն կարող լինել:
-Պատերազմ էր, էֆենդի… ՈՒ նաև հայրենիքի խնդիր էր լուծվում, հողի: Վաղվա խնդիրն էր լուծվում, էֆենդի: Իմ ու ձեր զավակների, թոռների, մեր ու մեր ազգի հետագա բոլոր սերունդների…
-Ի՞նչ գնով: Ո՞Ւմ հաշվին:
-Մեծ խնդիր էր լուծվում, էֆենդի, մեծ… ՈՒ այստեղ գինը չի կարող էական նշանակություն ունենալ: ՈՒ մեր հաշվին էլ չէր…
-Սխալվում եք, էֆենդի, մեր հաշվին էր:
(Խիստ տարակուսած կանգ է առնում և լրիվ չհասկանալով, թե ինչ է կատարվում, պարզապես ինչ-որ բան ասած լինելու համար՝ հարցնում է):
-Ի՞նչը նկատի ունեք, էֆենդի…
…(Կարծես ինքն իրեն) -Մեր երկրի ու պետության հաշվին էր, մեր միջազգային հեղինակության, մեր ազգային արժանապատվության…
-Ախր, 20-րդ դարի սկիզբն էր, էֆենդի… Ընդամենը:
Զրուցակիցները հեռանում են և նրանց զրույցն այլևս չի լսվում, նկատելի են սոսկ զրույցը փաստող շարժումներ ու ժեստեր:
Զրուցակիցներից մեկի՝ սկզբունքայինի, տան բակն է: Հայկական դիմագծերով մեկը՝ դարձյալ ֆեսով, հետ ու առաջ է քայլում պատշգամբում: Բակում՝ երեխաներ, կանայք, որոնք հյուրին առաջարկում են տուն մտնել կամ գոնե օգտվել պատշգամբի սեղանին դրված բարիքներից, բայց հյուրը նյարդայնացած հետ ու առաջ է քայլում, և ակնհայտ է, որ սպասումն է նրան նյարդայնացնողը: Վերջապես երևում է տանտերը: Հյուրը նետվում է դեպի նա՝ բացականչելով.
-Դու մեծ մարդ ես, թող որ պագնեմ ճակատդ:
Եկողը, դարձյալ շատ ու շատ ուրախանալով, բայց՝ ավելի զուսպ.
-Ա, Արամ, եղբայրս, որքան ուրախ եմ քեզ իմ տանը տեսնելու համար,- գոչում է բակից: Տղաներին ու աղջիկներին. -Հապա տեսնեմ, ի՞նչ եք պատվել Արամ հորեղբորը…
-Հայրիկ, ոչ մի բանի ձեռք անգամ չի տվել, քեզ է սպասում,- միմյանց ընդմիջելով՝ պատասխանում են երեխաները:
Բակից պատշգամբ տանող աստիճանների գրեթե մեջտեղում, միմյանց արդեն հանդիպելով՝ Արամն ու տանտերը ջերմ գրկախառնվում ու ողջագուրվում են:
-Ստիպում ես, որ քեզ կարոտենք:
-Դու էլ այդքան հաճախ չես այցելում մեզ:
-Ցանկությունս շատ է մեծ, բայց միշտ մի ինչ-որ անհետաձգելի գործ է պատահում:
-Գիտեմ, գիտեմ…
-Այսօր, օրինակ…
-Այսօրվա մասին մի խոսիր… Բոլոր տեղերը, ուր եղել ես, ես էլ եմ եղել՝ քեզ փնտրելով, բայց՝ քո այդտեղից դուրս գալուց հետո: (Խորամանկորեն) ՈՒ գիտեմ նաև, որ քո փաստաբանական գրասենյակից արդեն շուրջ երկու ժամ է՝ դուրս ես եկել: Այնտեղից տուն տասնհինգ-քսան վայրկյան է, ու ես հենց այդ ժամից էլ ձեր տանը քեզ եմ սպասում: Ո՞Ւր էիր (աչքով է անում):
Երկուսով էլ քահ-քահ ծիծաղում են: Երեխաները ջուր են բերում, հյուրն ու տանտերը ցողում են իրենց ձեռքերը, նստում սեղանի շուրջը:
-ՈՒրեմն՝ գիտես…,- տանտերն ասում է Արամին:
-Գիտեմ: ՈՒ ոչ միայն ես գիտեմ: Բոլորը գիտեն: Ապրես: Շնորհակալ եմ:
-Արամ, եղբայրս, ես ու դու միմյանց այդպիսի խոսքեր աելու կարիքը չունեինք: Երբևէ որևէ տարբերություն եղե՞լ է մեր ու ձեր տան միջև: Ամեն մեկս էլ երկու հայր ու երկու մայր ենք ունեցել: Էլ չեմ ասում մեծ մայրերի ու հայրերի մասին:
-Իրավ ես, բայց ես էլ չեմ կարող զսպել իմ զգացմունքները:
-Այդ էլ ասելու կարիքը չունենք իրար: Ինչևէ: Երևի թե մեզ ինչ-որ բան սխալ են սովորեցրել:
-Ի՞նչը:
-Որ լեզուն ոչ թե մտքեր կամ զգացմունքներ արտահայտելու միջոց է, այլ դրանք հնարավորինս խոր թաքցնելու:
Ծիծաղում են երկուսով՝ շարունակելով խմել քիչ առաջ մատուցված սուրճը և ճաշակել անուշեղենը, որոնք՝ տղամարդկանց սեղան նստելուն պես, մինչև վերջինը թարմացվել են:
-Կարող է և քո ասածն էլ է ճշմարիտ, բայց, այնուամենայնիվ, նաև խիստ դժվար է՝ քո կատարած քայլը գնահատելու համար:
-Էհ, դեռ իսկի հայտնի էլ չէ՝ ճի՞շտ եմ վարվել, թե ոչ:
-Կասկածնե՞ր ունես…,- մտահոգ, նաև կարծես թե թևաթափ հարցնում է Արամը:
-Չգիտեմ, չգիտեմ…,- սեղանից վեր է կացել ու խորասուզված քայլում է: Արամը մտահոգ և արդեն չկողմնորոշվող հայացքով հետևում է նրան՝ փորձելով կռահել սկսվածի ու ընթացողի ակունքներն ու ելքը:
-Ինչ-որ վտա՞նգ ես տեսնում, դարա՞ն,- փորձում է խոսեցնել Արամը, որպեսզի ի վերջո իր համար գոնե ինչ-որ բան հստակվի:
-Քավ լիցի: Ոչ մի նման բան էլ չկա: Պարզապես մտածում եմ՝ համաձայնելու դեպքում գուցե ավելի մեծ օգուտ կարողանայի բերել:
Քայլելով շրջանցել է սեղանը ու մոտեցել Արամի թիկունքին: Արամը, քանի որ հայացքով գոնե այլևս ի վիճակի չէ հետևել նրան, ավելի մեծ անորոշության մեջ է: Չի կողմնորոշվում՝ խոսե՞լ՝ ի՞նչ, չխոսե՞լ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս: Տանտերը գրկում է Արամի ուսերը, իր գլուխն էլ դնում նրա աջ ուսին ու խորամանկ ժպտալով՝ ասում է.
-Թեև, ասեմ քեզ, որ եղբայրդ այդքան էլ միամիտներից չէ: (Արամը դեռևս անորոշության ու տարակուսանքի մեջ է): Բոլոր թղթերին, փաստերին ու փաստաթղթերին հանգամանորեն ծանոթանալուց հետո եմ հրաժարվել:
Շրթունքները մոտեցնում է ականջին ու գրեթե շշնջում, որից ընդամենը լսվում է.
-Ասեմ ավելին: Եղբայրս ես, ու քեզնից գաղտնիք երբևէ ոչ ունեցել եմ, ոչ էլ կունենամ, բազմաթիվ կարևոր փաստաթղթերի պատճեններն էլ ունեմ: Ամենավերին կարգադրությամբ են դրանք պատճենվել ու տրվել մեզ:
Արամը վերջապես հասկանում է, թե ինչն ինչոց է, ու դեմքին երանելի խաղաղություն է իջնում:
Տանտերը վերադառնում ու նստում է իր տեղը, որովհետև նկատում է նաև, որ ծառաներից մեկը սեղանը թարմացնելու նպատակով պատշգամբ է դուրս գալիս:
-Բայց հենց այդ թղթերն էլ որոշ տխուր ու ցավալի խորհրդածությունների տեղիք տվեցին, ուստի կուզենայի այդ խնդրով զրուցել հետդ:
-Երբ կամենաս, թեկուզ հենց հիմա:
-Ոչ, Արամ, եղբայրս,- հայացքով ցույց է տալիս շուրջը,- դրանք տան զրույցներ չեն:
-Է, դուրս ելնենք, քայլենք ծովափին:
-Այսօր արդեն «քայլել եմ»,- խորամանկ ժպիտով ասում է տանտերը,- հենց էդ քայլելուս պատճառով էլ ուշացա:
Արամն արդեն ամեն ինչ և շատ ճիշտ ու ստույգ հասկանում է և գլխով հավանության ու երախտագիտության նշաններ է անում:
-Եվ հետո,- շարունակում է տանտերը,- ինչ-որ բաներ իմաստավորելու, ամփոփելու, ի մի բերելու կարիք էլ կա: Վաղը դատավարությունը սկսվում է, գալո՞ւ ես:
-Հարկավ… Դո՞ւ էլ ես գալու,- ուրախանում է Արամը: Նրա դեմքը պայծառանում է:
-Դե, ուրեմն, դատից հետո էլ «կքայլենք»,- ժպտում է տանտերը:
(շարունակելի)