Արգենտինացի ընդդիմադիրները դատական հայց են ներկայացրել երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին մեղադրելով դատախազ Ալբերտո Նիսմանի մահվան գործի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։ Նախագահի աշխատակազմը կոչ է արել հայտարարությունը կատակ համարել։ Դատախազը վարում էր 1994-ին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործը, նա մեղադրել էր նախագահ Քրիստինա դե Քիրշներին և ԱԳՆ ղեկավար Հեկտոր Թիմերմանին դավադրության մեջ, որը նպատակ ուներ անպատիժ թողնել պայթյունի մեջ մեղադրվող իրանցիներին։ Ավելի ուշ դատախազին սպանված էին գտել Բուենոս Այրեսի իր բնակարանում։ Հետաքննությունը դեռ չի պարզել՝ կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն։ Նախագահի դեմ մեղադրանքը ներկայացրել են պատգամավորներ Էլիզա Կարիոն և Ֆերնանդո Սանչեսը։ Նախագահից բացի, մեղադրանք է ներկայացվել նախագահի աշխատակազմի ղեկավարին, գլխավոր շտաբի պետին և երկրի գլխավոր դատախազին։ Նրանց մեղադրում են հետախուզական ապօրինի գործողությունների, դատական իշխանության աշխատանքին միջամտելու, անգործության, դավադրության և երկրի սահմանադրության խախտման մեջ։ Դատախազ Նիսմանի մահը բողոքի ալիք առաջ բերեց Արգենտինայում։ Քաղաքական և հասարակական գործիչները պահանջում էին հետաքննել մահվան բոլոր մանրամասները։