Բերձորի աղմկոտ իրադարձություններից հետո Ստեփանակերտ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ քննարկել են անցած շաբաթ օրվա դեպքերը։ Բակո Սահակյանը հայաստանցի պատգամավորներին հավաստիացրել է, որ ծառայողական քննություն է կատարվում և մեղավորները կպատժվեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության աճի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հայաստանցի խորհրդարանականների պատվիրակության կազմում ընդգրկված՝ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Բակո Սահակյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ ավտոերթը, հատկապես սահմանային լարված իրավիճակում, կարող էր վտանգել Արցախի պետականությունն ու Հայաստան-Լեռնային Ղարաբաղ պետությունների հարաբերությունները:
«Լեռնային Ղարաբաղի նախագահը շեշտեց, որ դա Արցախի Հանրապետության վտանգող ակցիա է դիտվել և բավականաչափ վատ տրամադրվածություն է եղել հասարակության կողմից, որը դուք տեսաք, թե ինչ դեպքերով եզրափակվեց: Նման դեպքերը վտանգավոր են մեր երկու պետությունների ապագայի համար»,- նշել է Բաբայանը:
Բերձորի դեպքին հաջորդել էր նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն է առաջացրել Լեռնային Ղարաբաղի հասարակության տարբեր հատվածներում: Ոստիկանությունն էլ հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Բակո Սահակյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ հաշվի առնելով ղարաբաղցիների վատ տրամադրվածությունը այդ ակցիայի հանդեպ, նպատակահարմար չէր իրականացնել։ Բաբայանը կիսում է Լեռնային Ղարաբաղի նախագահի այդ կարծիքը։
Հայաստանի խորհրդարանականների պատվիրակության մեկ այլ անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն «Ազատությանը» հիշեցրել է, որ Ղարաբաղի իշխանությունները երկու ամիս շարունակ բանակցել են «Նախախորհրդարանի» ներկայացուցիչների հետ, տեղեկացրել ակցիայի նկատմամբ ղարաբաղցիների վատ տրամադրվածության մասին, բայց, փաստորեն, «Նախախորհրդարանը» նրանց չի լսել։
«Արցախը դեռ ունի ռազմական իրավիճակ, ռազմական դրության տարբեր օրենքներ, որոնց հիման վրա նաև հնարավոր է այդպիսի որոշում կայացնել: Ամբողջ արցախցիների նաև միտքն ու ուշադրությունը այդտեղ էր, շատ նորմալ բացատրվեց, որ Արցախում երբևէ խնդիր չի կարող լինել Հայաստանի իշխանությունների խնդիրը: Իրենց համար ցանկացած իշխանություն Հայաստանում ընդունելի է լինելու, ցանկացած քաղաքական գործիչ էլ ընդունելի է, բայց եթե չի գալիս ապակայունացնելու իրավիճակը»,- մեկնաբանեց Պողոսյանը:
Բակո Սահակյանը, այդուհանդերձ, հավաստիացրել է, որ ծառայողական քննություն է ընթանում և մեղավորներն անպայման կպատժվեն: «Պատասխանատվության ենթարկելու և այլ հարցեր էլ են քննարկելու, որ նման դեպքերը չկրկնվեն և Արցախի վարկը մնա այնպիսին, ինչպիսին կար»,- փոխանցեց Վահան Բաբայանը: