ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ քանի դեռ ՈՒկրաինան քայլում է Եվրոպայի ուղղությամբ, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ` ՈՒկրաինայի հանդեպ իրավունքի եվրոպական հիմնարար նորմերի խախտման համար: «Ռուսաստանը փորձել է արգելել ԵՄ-ի հետ ՈՒկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այդ համաձայնագիրը եվրոպական ապագա է նկարում ՈՒկրաինայի համար, և Ռուսաստանը պետք է հասկանա, որ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է ՈՒկրաինայի ներկայիս քաղաքական ուղղվածությունը, միջազգային հանրությունը կշարունակի տուգանային պատժամիջոցներ սահմանել եվրոպական հիմնարար նորմերի խախտման համար»,- ասել է Բայդենը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակը «ռուսական տնտեսությունը տապալելը» չէ: «Դա մեր նպատակը չէ: Նախագահ Պուտինը պետք է հասարակ ընտրություն կատարի` դուրս գալ ՈՒկրաինայից կամ Ռուսաստանում կանգնել մեկուսացման ու տնտեսական վնասների առաջ»: