Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը պատրաստակամ է ԵՄ-ի հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը և հույս է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը և այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը: Հերբերտ Զալբերը նշել է, թե օգտվում է տարածաշրջան այցերի հնարավորությունից՝ ընդարձակելու իր շփումները կառավարական և ոչկառավարական շրջանակների հետ, որը միտված է հիմքեր ստեղծելու, որ ԵՄ-ը կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատմանը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին վերջին շրջանում հաճախակիացած սադրիչ գործողություններին և լարվածության աճին: ՀՀ նախագահի համոզմամբ՝ Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաև լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն: Հերբերտ Զալբերը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ընդգծել, որ ԵՄ-ն կօգտագործի խաղաղությանը նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն՝ զսպվածության և հրադադարի պայմանները հարգելու համապատասխան ուղերձ հղելով: