Բանաստեղծություն երկնելը ամեն մարդու իրավունքն է, այնպես, ինչպես սիրելն ու սիրվելն է իրավունք: Եվ բանաստեղծությունը սիրո ծնունդ է, այլապես կվերածվի այլ մի գոյության: Բանաստեղծությունը ծնվում է ապրածից ու ապրումից, այլապես չի կարող լինել: Եվ բանաստեղծությունը զգայնությունների հանրագումար է:
Բանաստեղծությո՜ւն,
Դու իմ դստրիկն ես,
Որի թաթիկը երազել եմ ես
Ջերմացնել մի օր,
Ու կարևոր չէ`
Ոսկեծամի՞կ ես,
Թե` սևախոպոպ:
Բանաստեղծությո՜ւն,
Ի՞նչը քեզ բերեց`
Արագի՞լը, թե`
Արտասո՜ւքս ծով։
Հեղինակի գործերը իր ապրածի ու զգայնությունների արձագանքն են: Ուշադիր լինելու դեպքում կարելի է վերակերտել այդ հոգու կենսագրությունը, որովհետև հեղինակն անկեղծ է, անգամ սահմանազանց լինելու չափ.
Խրտվիլակները ծանակում են
Ծանրությունս,
Բայց ես շատ եմ նրանց նման,
Հենց ծնում եմ:
Հեղինակը նախընտրում է բանաստեղծության կառուցման երկու-երեք սկզբունք: Սրանցից մեկն այն է, երբ դրսևորվում է ընթացք և ապա` երկընտրանք.
Հեռացա դող-դող մռայլ ամրոցից.
Միակն էր ճամփան բարեբախտաբար,
Կամ դեպի գեհեն պիտի տաներ ինձ,
Կամ դեպի գիրկդ` սիրառատ ու տաք:
Կամ`
Հայելում ինձ վրձնեցի…
Մի պահ չքվեց ցոլանքս…
… Գտա …
Գթաց…
Գրկեցի…
Փնտրա՞ծս էր, թե՞ կորցրածս:
Կամ`
Մի բուռ քնքշանք խառնիր կավիս,
Ծռմռատիր պարանոցս…
Թե հիշեցրի տիրամորը`
Ճամփի՛ր հարեմ,
Թե` պոռնիկի`
Եդե՜մ, Եդե՜մ:
Տիրամո՛րը չեն ճամփում, ո՛չ էլ պոռնիկին: Կառույցում էական է հիշեցրի բայը, և երկը կառուցվել է զուտ անձնական զգայնությունների հիման վրա: Սա ոչ միայն անձնական-անհատականի արտահայտություն է, այլև կնոջ խորհրդավոր էության բացահայտման բանալի: Ոչ թե սիրվելով երջանկանալ, այլ սիրելու երջանկություն, որ աստվածատուր է, բնությամբ պայմանավորված: Սա ավելի բնական մեկնաբանություն է ստանում մեկ այլ բանաստեղծության մեջ: Խորհրդավոր է ոչ միայն հրածին էգը, այլև կավակերտը, որ Եվա է ու Նավզիկե: Նավզիկե, որի մեծագույն երազանքը ընտանիք, ամուսին, զավակ ունենալն է և կյանք ու բնությամբ իրեն հասանելիքը վայելելը:
Հյուսքերս չթափվեցին
Կարոտածս ձեռքերով,
Հյուսքերս չպարեցին
Կարոտածս հովերից:
Հյուսքերս չփարվեցին
Կարոտածս հոնքերին,
Հյուսքերս չհովացան
Կարոտածս ձյուներից:
Սակայն «չթափվեցին-չպարեցին-չփարվեցին-չհովացան» շղթան խոսում է ոչ թե ապրելու, այլ չապրելու, նաև այլ կերպ ապրելու երազանքի մասին:
Հեղինակի մոտ սիրելու, ապրելու և ներդաշնության կարոտ կա: Ներկան և սրան հասցրած անցյալը նրան չի բավարարում, այդ պատճառով էլ հաճախ փախուստի ձգտում է դրսևորվում դեպի նախասկիզբը, որ ունի իր վարիացիաները: Դրանցից է «Ակնթարթների բույլը շրջանակեց հայելին» սկսվածքով գործը: (Միջանկյալ նշենք, որ ոչ մի բանաստեղծություն վերնագրված չէ, և սա հեղինակային միտումի արտահայտություն է): Ըստ էության չկա՛ ներկան, այդ պատճառով էլ մնում է վերադարձը անցյալ` դեպի մանկություն, վերադարձ սկիզբ` ներկան վերապրելու ձգտմամբ: Ներկան ստիպում է հայացքը հառել անցյալին, որ վերաձևի ու վերստեղծի այլ մի ներկա: Սա բացահայտվում է ամեն մի առիթով.
Նստենք թևին ժամանակի
ՈՒ սլանանք հեռո՜ւ, հեռո՜ւ,
Ճեղքենք գալիքն անծայրածիր,
Հասնենք դարը նախամարդու:
Լուռ թաքնվենք քարանձավում,
Շիկնանքը թունդ մեզ պարուրի,
Վախով շրշանք իրար անուն,
Ստվեր դառնանք մութ պատերին:
ՈՒ երբ դուրս գանք թաքստոցից
Մոռացումով հին օրերի,
Մեր ձեռքերի հանգույցը պինդ
Կանխի փախուստն անդառնալի:
Այլ տրամադրությամբ անցյալին վերադառնալու մի պարադոքսալ պայմանաձև էլ մեկ ուրիշ բանաստեղծություն է, որ հիշեցնում է Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Բենջամին Բաթնի տարօրինակ պատմությունը» մի քիչ չար ավարտով.
Պառավ ծնվեցի, հետո դարձա մայր,
Կին, օրիորդ, աղջնակ…
Ու սաղմ դարձա ես,
Ոչինչը նախնական
Բանաստեղծության կառուցման մի այլ տարբերակ է հակադրությունը, որ երբեմն պարադոքսի է միտում.
Տրորի՛ր ասֆալտը,
Նոր է փռվում,
Արևի դերը չնչի՜ն-չնչի՜ն է,
Դու ներբաններիդ այրոցքից գոռա,
Իսկ ես` մոտալուտ պաղությունիցս:
Նույն սկզբունքով է կառուցված «Մանկությանս քարերին քանի մաշիկ մաշեցի» սկսվածքով երկը:
Բայց հեղինակի մոտ առավել հաջողված են այն գործերը, որոնք ոչ թե պատկեր, պատմություն են ներկայացնում, այլ ըստ էության զգայնություն, ավելի ճիշտ` վերացարկված զգայնություն: Բանաստեղծություններից շատերը պահի, վայրկյանի զգացողություններ են, որոնցից մնում է տրամադրություն` վերացարկված, զգայական, ոչ առարկայական: Դառնում են ասես խաղ-բանաստեղծություն, որ էլ խաղ չէ, այլ կյանքին նայելու հայեցակերպ.
Արևն է ծիծաղում
Օրոցքի մոտ կապույտ,
Շողերն են թոթովում`
Արձակած մոր կուրծքը:
Սարի փեշին կարպետ
Երգերս եմ գործում,
Փափուճներով նախշուն
Թփթփում է սյուքը:
Հանդիպում են պոետական գյուտեր:
Հազար հուր աչքեր
Դիմակը սրտիս
Անկարող եղան
Հալել:
Հարազա՛տ աչքեր,
Ձեր մոխրի պեծն է
Ի զորու այրել,
Բայց միայն,
Միա՛յն
Դիմակի տակից:
Այս պոետական գյուտն արդարացվում ու բացատրվում է հեղինակի նախընտրած բանաստեղծական կառույցի միջոցով, որ պայմանավորված է հեղինակային գեղարվեստական մտածողությամբ:
Հեղինակը կարողանում է ձևավորել գեղարվեստական պատկեր. «Փափկած, փլված` ինչպես այտերը տատիս»: Մեկ տող, բայց և մի ամբողջ կյանքի պատմություն:
Բնության հետ անձնականն ու ապրածը ներդաշնակելու կարողությունը հեղինակի շնորհն է, որ բացահայտում է իր ապրածը, և ծնվում է անկրկնելի պատկեր.
Ու լռությունը սարից գլորվեց,
Սմբակներն իսկույն մաշիկներ հագան:
Կամ`
Տատիս շուրթերից հեքիաթը բուրեց,
- Չկար, հիմա կա մի կարմիր կակաչ,
Տատը քեզ ղուրբան, բաց-բաց չքնես:
Չգիտեմ` էլ ո՞վ է լսել այս պարզ, մեկտողանոց հեքիաթը` «Չկար, հիմա կա մի կարմիր կակաչ», սակայն սա առինքնող է, անգամ կախարդող, ու հրաշալի է «երեք խնձորի» փոփոխակը` «Տատը քեզ ղուրբան, բաց-բաց չքնես»: Սակայն «կարմիր կակաչը» իր հետ նաև այլ զուգորդություն է բերում, այն ժողովրդական խաղիկի հանգույն, «սևասիրտ» է:
Ժամանակի հոսքի մեջ հուշի գտածոների կապը և հարաբերությունը բերում են հոգու կենսագրություն: Հեղինակը տեր է դրան և առանց երկմտելու մեզ է ցուցանում.
Այտերիս ջարդվող հայելիներում
Արտացոլանքդ մի պահ երերաց,
Եղևնին էր, բայց…
Հուշերս փխրուն թիթեռների պես
Բուրմունք փշրեցին եթերում թափանց.
Եղրևանին էր:
Կամ`
Դրսում մառախուղ է,
Մոխրամանում` հոգեվարք…
Ապակուն` աշունն է
ՈՒ մենությունս…
Տաղ է, խաղ է չերգված,
Չերգված մի քույր.
Շշուկ շրշյուն, շրխկոց…
Մառախուղ է:
Ըստ էության չի ամբողջանում գեղարվեստական պատկերը, կա ընդամենը զգացողություն, որ իր հետ բերում է տպավորչություն` նման ճապոնական պոեզիային: Մեկ այլ դեպքում կա կամ ծնվում է այլ նմանություն.
Թև թևի տված խինդ ու տառապանք,
Առաջնորդելով մեկը մյուսին,
Չոքել են շեմիս, չկա այլընտրանք.
Պետք է որդեգրել նրանցից մեկին:
Թե խինդը ընտրեմ, բա տառապա՞նքը,
Ախր այդ նա է ինձ իմաստնացրել,
Մաշկիս տակ մերված կապույտ լեղակը
ՈՒզում եմ տաշտիս փրփուրին խառնել:
Սա էլ հիշեցնում է Զահրատի «Եռանկիւններ»-ից մեկը.
Դժբախտութիւնը ընտրեց –
Ըսավ – կայ ու կը մնայ
Երջանկութիւնը վաղանցուկ է մինչդեռ:
Նշեմ, որ սրանք ընդամենը նմանություններ են, ոչ ազդեցություններ, ինչը պայմանավորվում է հեղինակի ինքնուսությամբ:
Բազմաթիվ գործեր ուղղակի հուշում են հեքիաթի իրողությունը հեղինակի նախասկիզբներում: Եվ սա ավելի է առարկայանում բանաստեղծությամբ.
Աչքերիդ լուրթ երկնքում ճայն է մենավոր ճչում,
Աչքերիդ խորխորատից մռնչում է մի քիմեռ,
Որի՞ն խղճամ` թռչունի՞ն, թե՞ հրեշին ահազդու.
Ախր ծաղիկը ալվան իմ մեղքով չի թառամել:
«Ալվան ծաղիկը» հեքիաթի անգիտակացական հիշողությամբ ձևավորված պայմանականություն կա, ուր ասես չկա մեղավոր ու անմեղ, պատճառի ու հետևանքի կապ: Կա միայն արդյունք, ոչ հետևանք: Իսկ այդ արդյունքը այլ մի պատճառի հետևանք է: Սա ավելի հատուկ է դրամատիկական կառույցին, երբ երկու իրողությունների բախումը հանգուցալուծվում է երրորդի կործանմամբ: Եվ կոնկրետանում է նորից հեքիաթից եկող «կռնատ աղջկա» կերպարը: Հեղինակն ասես մտել է այդ դերի մեջ, նույնականացել նրա հետ, նույնականացել անգամ տիկնիկի հետ: Հեղինակն իրեն անթև ու անզոր է կարծում, յուրովի մի գոյ, որ ո՛չ հրեշտակ է, ո՛չ մեղսագործ: Բայց ծայրաբևեռները ինքնին իրենց միջակայքում ենթադրում ու պատկերացնում են մարդուն: Ու թե նորից հիշենք հեքիաթի պայմանականությունը, ապա այս կռնատ աղջիկն է ապագա թագուհին.
Թանձր փոշին կապույտի
Աչքերս է խավարել,
Կարոտել եմ տիկնիկիս
Երկինքները ապակե,
ՈՒր թևերսկիսաբաց
Նմուշներ են բրածո…
- Կռնատից ի՞նչ հրեշտակ…
- Կռնատից ի՞նչ մեղսագործ:
Գրքում կան բանաստեղծություններ, որոնք ուղղակի անհասկանալի են (թերևս իմ իմացությունն ու փորձառությունը չեն տեղավորվում այնտեղ): Բայց կան նաև այլ գործեր, որոնք իրենց պարզությամբ, ասելիքի ներդաշնակմամբ նկատելի են:
Սակայն խոսքս ուզում եմ ավարտել մեկ բանաստեղծությամբ (միայն մեկ վանկի սղումով), որ այլևս նախանվագ չէ, այլ նվագ, որ նաև իր մեղեդին ունի.
Էլ չեմ սիրում, իմ թանկը չես, դառն ես, աղի՜,
Հեշտ էր սիրելն, օ՜, ատելն է անտանելի,
Հաշտ ենք թեև, բայց երգերս քեզ չեն ների,
ՈՒ չի ների ստվերս իսկ դեղի՜ն-դեղի՜ն:
Էլ չեմ սիրում, իմ վանկը չես, պա՜ղ ես, գունա՜տ,
ՈՒ գունառատ թանաքիս կաթն էլ չի լցնում
Ծովերս, որ քամում էիր խաղա՜ղ-խաղաղ,
Ոչ էլ հողս, որ գարունն էր աստվածացնում:
Էլ չե՜մ սիրում… ՈՒ աքլորը կանչեց ծեգին,
Եվ իմ սուտը երեք տեղից խոցեց հոգիս,
Ճամփեքին եմ փոշեկոլոլ շոգ ու մեգին,
Թա՜նկս, ինչո՞ւ հավատացիր մեղսագործիս:
Վալերի ՓԻԼՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու