Մինսկի բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը հրադադարի և ծանր տեխնիկան հակամարտության գոտուց դուրս բերելու շուրջ համաձայնության են եկել։
Հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից, որից հետո երկու օրում կողմերը պետք է հեռացնեն տեխնիկան։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է, որ քառյակը Մինսկում համաձայնեցրել է ՈՒկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ինչը մեծ թեթևացում է Եվրոպայի համար, իսկ ՈՒկրաինային հույս է տալիս։
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ ուկրաինացի սահմանապահները մինչև տարեվերջ պետք է ամբողջությամբ հսկողության տակ առնեն ռուս - ուկրաինական սահմանը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են ռուսների կողմից գերեվարված ուկրաինուհի ռազմական օդաչու Նադյա Սավչենկոյին ազատելու հարցը։ Ըստ Պորոշենկոյի՝ «օտար երկրների զինծառայողները պետք է հեռանան ՈՒկրաինայի տարածքից, կողմերը պետք է երեք շաբաթում ազատեն բոլոր պատանդներին»։
Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ բանակցությունների մասնակիցներին կերակրել են բելառուսական և ռուսական ապրանքներով: «Կերել ենք ձվածեղ, պանիր, կաթնամթերք, մի քանի դույլ սուրճ ենք խմել»,- պատմել է Լուկաշենկոն: Նա անձամբ է բանակցությունների մասնակիցներին սուրճ և ուտելիք տվել: «Ինչպե՞ս կարող է առանց ռազմամթերքի պատերազմ ընթանալ խաղաղ ճակատում: Իմ խնդիրն է եղել ռազմամթերքը ժամանակին բերել: Այդ պատճառով ես փորձել եմ իմ գործառույթն իրականացնել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Իսկ գիշերը բանակցություններին մասնակցած փորձագետները հերթով են քնել, որպեսզի «գլուխը սթափ մնա», երկրների առաջնորդներին չի հաջողվել հանգստանալ: