«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման գործընթացը՝ որևէ լուծում չի կարող հիմնված լինել բռնությունների կամ պատերազմի վրա»՝ լրագրողների հետ առաջին հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին: Դեսպանն ավելացրեց, որ իրենց խիստ անհանգստացնում է, որ ԼՂ հակամարտության շուրջ ձևավորվում է լարվածություն և բռնության հռետորաբանություն: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես ԼՂ խնդրի լուծման լավագույն ճանապարհ: «Հարկ է, սակայն, նշել, որ Մինսկի խմբի գործընթացը միջնորդական գործունեություն է, և Մինսկի խումբը չի կարող կողմերից մեկին որևէ բան պարտադրել: ԱՄՆ-ը, Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան բռնության ցանկացած դրսևորման դատապարտմամբ, քանզի դա կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում է: ԱՄՆ-ը հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, և երկու պետությունների մեր գործընկերներին ասում ենք, որ հակամարտության լուծման համար կարող է լինել միայն խաղաղ տարբերակ՝ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում»,- հարցը եզրափակեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը: