Փետրվարի 12-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության: Նա դատապարտեց Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նշվեց, որ հայկական կողմը կանոնավոր բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական խորհրդի հանդիպումներում, պատրաստակամություն է հայտնել` իրականացնելու հրադադարի ամրապնդման միջոցառումներ, ներառյալ դիպուկահարների դուրսբերումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային հանրության և Հայաստանի բոլոր առաջարկությունները Ադրբեջանը մերժել է: Արման Կիրակոսյանը նշեց, որ անորոշության շրջանն ավարտվել է և միջազգային հանրությունը հստակ մատնանշել է լարվածության աղբյուրը: Ողջունվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների հունվարի 27-ի հայտարարությունը, որում նրանք Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին: Արման Կիրակոսյանն ընդգեց, որ Ադրբեջանի փորձերը` ուժի միջոցով պարտադրել հայկական կողմին իր բանակցային մոտեցումները, լոկ պատրանք են:
----------
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեծ ռիսկի գնացող խաղացով չէ, սակայն նույնիսկ նա անցյալ շաբաթ խոստովանեց, որ ՈՒկրաինայում խաղաղության որոնումների հարցում իր առաքելությունը ռիսկային խաղադրույք էր՝ «The New York Times»-ում հրապարակված հոդվածում գրել է վերլուծաբան Սելեստինա Բոլենը՝ հավելելով, որ երբ հինգշաբթի Օլանդը Փարիզում հայտարարեց իր ծրագրերի մասին, դեռևս Կրեմլից համաձայնություն չէր ստացել Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ: Անդրադառնալով Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անսպասելի նախաձեռնությանը՝ Բոլենը գրել է. «Եվրոպական զույգը «լավ ոստիկանների» դեր խաղաց ընդդեմ ամերիկյան «վատ ոստիկանների», որ ներկայում հրապարակային քննարկում են՝ հարկավո՞ր է «մահացու» պաշտպանական զինտեխնիկա ուղարկել դժվար իրավիճակում գտնվող ուկրաինական բանակին»: Դա դասական մանևր էր, որը, հնարավոր է, համաձայնեցված էր Վաշինգտոնի հետ, հնարավոր է՝ ոչ: «Ոչինչ այդքան չի կենտրոնացնում դիվանագիտական ջանքերը, որքան ռազմական իրադրության սրման վտանգը, որին այս դեպքում ակտիվորեն դիմակայում են Գերմանիան և Ֆրանսիան: Դեռևս երկուշաբթի հայտնի չէր՝ եվրոպական առաքելությունը խաղաղություն կբերի՞»,- գրում է նա՝ հավելելով, որ եթե առաքելությունը խաղաղություն չբերի և ԱՄՆ-ը որոշի զենք մատակարարել, ճեղք կառաջանա Հյուսիսատլանտյան դաշինքում:
Հոդվածի հեղինակը նշում է ևս մեկ խնդիր. ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի հնարավոր անդամակցությունը: Նա մատնանշում է, որ ոչ ոք այդ հարցը չբարձրացրեց հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում, բայց Օլանդը, ամեն դեպքում, պատասխանեց. «Ֆրանսիան կողմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքին ՈՒկրաինայի անդամակցությանը: Թող դա բացարձակապես հստակ լինի»: Այդ հարցում Օլանդի համառությունը մատնանշում է, որ նա թիրախային լսարան ուներ, հնարավոր է՝ բաղկացած երեք խաղացողներից: «Դրանցից մեկը, իհարկե, ՈՒկրաինան էր, որի խորհրդարանը դեկտեմբերին ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց երկրի անդամակցության դեմ օրենքը չեղարկելու և «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու օգտին՝ անդամակցության համար չափանիշներին հասնելու նպատակի» օգտին: Մյուսը Ռուսաստանն էր, ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության հարցը միշտ վտանգի ահազանգ է եղել: Երրորդ հասցեատերը կարող էր Վաշինգտոնը լինել: Փարիզում որոշ դիվանագետներ և դիտորդներ կարծում են, որ ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության հարցը, որին 2008-ին համառորեն ձգտում էր Բուշի վարչակազմը, և որն արգելափակում էին Ֆրանսիան և Գերմանիան, թեպետ աննկատ, բայց շարունակում է մնալ Օբամայի վարչակազմի սեղանին»,- գրում է նա: Սելեստինա Բոլենը կարծում է, որ ՆԱՏՕ-ի հարցը նման զգայուն ժամանակաշրջանում բարձրացնելով՝ Օլանդը ևս մեկ խաղադրույք է կատարում: Հնարավոր է՝ որպեսզի հող նախապատրաստի առաջիկա կոշտ բանակցությունների համար, ինչը, սակայն կրկին սպառնում է ճեղք գոյացնել արևմտյան դաշինքի և ուկրաինական գործընկերոջ միջև: