ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունները Հայաստանի և Ղարաբաղյան հակամարտության համար վտանգավոր է համարում քաղաքագետ Մոդեստ Կոլերովը: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը կարող է դառնալ պայթյունավտանգ: «Այդ ամենը թուլացնում է երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև երկրի տնտեսությունը: Ցանկացած քաղաքացիական հակամարտություն հանգեցնում է քաոսի, այլ ոչ թե դրական զարգացումների»,- ասում է Մոդեստ Կոլերովը: Իշխանությունների գործողությունները նա արդարացնում է՝ ընդգծելով, որ ուղիղ հակազդեցություն են և պատասխան՝ Ծառուկյանի կատարած հայտարարությունների և գործողությունների: Կոլերովը համոզված է՝ հայաստանյան ներքաղաքական անցուդարձին Ռուսաստանը չի միջամտի: Ռուս փորձագետ Վադիմ Դուբնովը ևս համոզված է՝ Ռուսաստանը չի միջամտի գործընթացներին: «Պատճառները շատ են: Առաջին հերթին՝ Ռուսաստանը չունի ակնհայտ նախապատվություն: Ամեն դեպքում, չկա նաև ակնհայտ հակակրանք, ինչպես ուկրաինական, վրացական կամ ղրղզական դեպքերում: Չթերագնահատելով կրեմլյան ինտելեկտը և հեռատեսությունը, ամեն դեպքում կարծում եմ, որ Մոսկվան, այնուամենայնիվ, հասկանում է լուրջ միջամտության հետևանքները»: Փորձագետը չի բացառում, որ Ռուսաստանը կփորձի հաշտեցնել կողմերին: «Կարծում եմ, որ Ռուսաստանը կփորձի միավորներ վաստակել, կողմերի միջև երկխոսության կազմակերպման և հաշտեցման ճանապարհով»: