Այլ նախագծերի ի հայտ գալու դեպքում Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թուրքիայի հետ համագործակցությունից չենք հրաժարվելու: Ոչ միայն այն պատճառով, որ պարկեշտ չէ պայմանավորվել մեր թուրք ընկերների հետ, հետո ասել «ոչ, մեզ Եվրոպան ուրիշ բան է առաջարկում», այլև այն պատճառով, որ մենք կարող ենք հիմար իրավիճակում հայտնվել: Այսօր Եվրահանձնաժողովը հրաժարվել է, վաղը համաձայնել է, իսկ մյուս օրը կարող է դարձյալ հրաժարվել: Այդ պատճառով էլ մենք լուրջ և երկարատև գործընկերության կոչ ենք անում, ինչպես եղել է նախորդ տարիներին»,- ասել է Պուտինը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ վստահելի գործընկեր է եղել և ապագայում էլ այդպիսին է լինելու: