Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե ինքն ու Գերմանիայի կանցլերը «առավել քան երբևէ համոզված են», որ ՈՒկրաինայում մարտական գործողություններին վերջ դնելուն ուղղված Մինսկի համաձայնագրի պայմանները պետք է ամբողջությամբ պահպանվեն: Ֆրանսուա Օլանդը հայտարարությունն արել է Անգելա Մերկելի հետ Փարիզում համատեղ ասուլիսի ժամանակ: «Հրադադարը մի քանի անգամ խախտվել է: Այն պետք է ամբողջությամբ պահպանվի ճակատի գծի ողջ երկայնքով»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն էլ ասել է, որ մարտի 3-ին նախատեսվում է հանդիպում իր, Ռուսաստանի, Գերմանիայի և ՈՒկրաինայի գործընկերների միջև՝ ուկրաինական ճգնաժամի հարցով: Չնայած Մինսկում անցյալ շաբաթ Օլանդի և Մերկելի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրին՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների և ՈՒկրաինայի կառավարական զորքերի միջև բախումները այդ երկրի արևելքում շարունակվել են ողջ շաբաթվա ընթացքում:
ՈՒկրաինայի զինված ուժերը փետրվարի 20-ին հայտարարել են, որ ավելի քան 20 ռուսական տանկ, 10 հրթիռային համակարգ, ռուս զինվորների տեղափոխող մի քանի ավտոբուսներ Ռուսաստանի տարածքից մտել են հակամարտության գոտի: