Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի իշխանությունները և քուրդ անջատականները՝ խաղաղության շեմին

Թուրքիայի իշխանությունները և քուրդ անջատականները՝ խաղաղության շեմին
02.03.2015 | 18:25

Թուրքիայի իշխանությունները և Քրդական աշխատավորական կուսակցությունը հարատև խաղաղություն հաստատելու շեմին են, դա պարզ դարձավ շաբաթ երեկոյան, երբ թուրքական հեռուստաալիքների ուղիղ եթերում քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիրրի Սուրեյա Օնդերն ընթերցեց Իմրալի բանտում գտնվող Աբդուլա Օջալանի ուղերձը: «Քանի որ մենք վերջ ենք դնում 30 տարի տևած բախումներին, մեր առաջնահերթ նպատակն է դառնում քրդական խնդրի` ժողովրդավարական ճանապարհով լուծումը: Առաջարկում եմ Քրդական աշխատավորական կուսակցությանը արտահերթ համագումար հրավիրել և պատմական, ռազմավարական որոշում կայացնել` հրաժարվելով զինված պայքարից»,- գրել էր Օջալանը: Քուրդ անջատականների առաջնորդի հայտարարությունն ընթերցվեց Թուրքիայի կառավարության բարձրաստիճան անդամների և քուրդ պատգամավորների հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա թուրք պաշտոնյաներից մեկը` փոխվարչապետ Յալչըն Ակդողանը, հայտարարում էր․ «Այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ հարկավոր է արագացնել [քրդական ջոկատների] զինաթափման գործընթացը: Այսուհետ ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված քաղաքական քայլերն են, որ պետք է մղվեն առաջին պլան»:
Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու կոչով Օջալանի ուղերձի հրապարակմանը նախորդեց մի քանի տարի տևած բանակցային գաղտնի գործընթացը, որում ներգրավված էին նաև թուրքական հատուկ ծառայությունները: Օջալանի հետ բանակցություններում Անկարան ներկայացնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` MIT-ի արդեն նախկին տնօրեն Հաքան Ֆիդանը: Փետրվարի սկզբին Ֆիդանը հրաժարականի դիմում ներկայացրեց` նշելով, թե այսուհետ ցանկանում է զբաղվել քաղաքական գործունեությամբ` մասնակցելով առաջիկա ամռան խորհրդարանական ընտրություններին: Թուրքական մամուլում հայտնված տեղեկություններով՝ Ֆիդանն առաջադրվելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական ցուցակով: Թուրքիայի քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, ընտրություններից հետո թուրք - քրդական հաշտեցման ճարտարապետ Հաքան Ֆիդանը կարող է առաջադրվել վարչապետ: Բացի այդ՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանը, հնարավոր է, ազատ արձակվի: Թուրքական T24 հեռուստաընկերության կայքը գրել է, որ այդ մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրների մեկը՝ կուսակցության նախկին փոխնախագահ Դենգիր Ֆըրաթը: Նա կարծում է, որ Օջալանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, երբ նա բռնությանն ու ահաբեկչությանը դեմ է հանդես գալիս: «Օջալանն այժմ դեմ է բռնության բոլոր տեսակներին և կոչ է անում PKK-ի զինյալներին վայր դնել զենքերը»,- նշել է Ֆըրաթը: Նա համոզված է, որ քրդերի հետ խաղաղության հաստատումը կլինի Օջալանին ազատ արձակելու միջոցով: Աբդուլլա Օջալանը Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտված և պատիժը կրում է Էմրալի կղզում:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ