Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բեռլինյան հիշատակի միջոցառմանը մասնակցած Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի համար ավելի քան հստակ է՝ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության իրագործած հայերի տեղահանումն ու սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը նշում է, որ մեծ տերություններն այն ժամանակ չդադարեցրին քրիստոնյա հայերի զանգվածային կոտորածը, ինչն այսօրվա տեսանկյունից հնարավոր կլիներ. «Դրանից հարյուր տարի անց քաղաքականությունը լռելու իրավունք այլևս չունի»:
Ա. Վայլերը հիշեցնում է, որ Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական միություն-քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցությունը բազմիցս կոչ է արել թուրքական պետությանը՝ թոթափել այս տխուր ժառանգության բեռը:
«Ցավոք, Թուրքիան մինչ օրս պատրաստ չէ ներողություն խնդրել իր նախնիների արարքների համար: Ես կարծում եմ, որ պատմության այս տխուր էջի մշակումն ու ճանաչումը պետք է 21-րդ դարում ժողովրդավարական ինտեգրացիայի նախապայման լինի: Այն երկրին, որ երկար տարիներ ԵՄ անդամության է ձգտում, անհապաղ անհրաժեշտ է առերեսվել սեփական անցյալի հետ ու վերագնահատել»,-կարծում է գերմանացի պատգամավորը: Նա կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ հաշտեցման գործընթաց սկսելու հույսեր էին արթնացել. «Այսօր, սակայն, պետք է ափսոսեմ, որ կարգավորման գործընթացը, ցավոք, առաջընթաց չունեցավ: Ես վստահ եմ, որ գործած անարդարության հստակ անվանումը, Թուրքիայի այսօրվա պատասխանատուների կողմից նրա ճանաչումը քաղաքական հաշտեցման լավ նախադրյալ կլինեն: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ասել է պատգամավորը: