Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունում է այն ընդդիմությանը, որը գործում է ի պաշտպանություն Սիրիայի, առաջնորդվում է ժողովրդի շահերով ու երկրի ներսում ազդեցություն ունի՝ ինչպես հայտարարել է պորտուգալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հակամարտության կարգավորումը պետք է քաղաքական լինի, սակայն երկխոսել նրանց հետ, որոնք ազդեցություն չունեն իրավիճակի վրա, կլինեն բանակցություններ միայն բանակցելու համար»,- ասել է Սիրիայի նախագահը: Նա նշել է, թե երկրում ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմություններ են, ոմանք ներկայացնում են սիրիացիներին, ոմանք` օտարերկրյա կոալիցիային. հենց այդ կոալիցիայի երկրներն էլ ստեղծել են այդ ընդդիմությունը:
«Սիրիական կառավարությունն ընդհանուր մոտեցում ունի որոշ խմբակցությունների հետ, որոնք հրավիրվել էին Մոսկվա: Այդ շփումները ճանապարհ են հարթել երկխոսության համար, և, հնարավոր է, շարունակվեն որոշ ժամանակ»,- ասել է նա:
Ասադի խոսքով՝ այժմ կարևորը արյունահեղությունը դադարեցնելն է, սակայն բաց է մնում հարցը, թե ով է ազդում ահաբեկիչների վրա: Նրա կարծիքով՝ Սիրիայում «չափավոր ընդդիմության գոյությունը միֆ է»:
«Գրավված տարածքները վերահսկում են «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները, նրանց հետ կապ ունեցող ավելի փոքր խմբավորումները»,- ասել է նա: Բաշար ալ-Ասադը սխալ է համարել այն պնդումները, թե սիրիական պետությունը հայտնվել է անհետացման եզրին: