Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Մասիսները

Մասիսները
06.03.2015 | 12:01

Այդին

ՄՈՐԻԿՅԱՆ

(սկիզբը` այստեղ)

Սահմանի երկայնքով քայլող խումբ: Բացահայտ երևում է, որ սահմանի երկու կողմերի ներկայացուցիչներին է համախմբում, այլ ոչ թե մեկ ամբողջություն է: Թե ազգային, թե արտաքին, թե լեզվական տարբերություններ ունեն: Առաջին հայացքից՝ քայլում են մեջտեղի վարած չեզոք գոտիով, խոսում, վիճում, ինչ-որ բան են ցույց տալիս միմյանց, փորձում են ինչ-որ բան բացատրել կամ ապացուցել, բայց երբ կինոխցիկը բարձրանում է ավելի ու ավելի վեր, «պարզվում է», որ խմբի յուրաքանչյուր մասը քայլում է իր հողով, սահմանի իր մասով, փշալարերից այս կողմ, բայց նույն վեճը ընթանում է նրանց միջև: Հետաքրքիր է, որ միևնույն խմբի միջև ընթացող վեճն է այդ տպավորությունը ստեղծել: Հայերի խմբի թարգմանիչը տղամարդ է, թուրքերի թարգմանիչը՝ կին:
Հանձնաժողովի նիստ, որտեղ դարձյալ շարունակվում է բանավեճը: Խոսքերը չեն լսվում, բայց պատին կախած ու սեղանին փռված մեծ քարտեզների վրա հանձնաժողովականները ինչ-որ բաներ են ցույց տալիս, վիճում են, փորձում են համոզել միմյանց: Թարգմանիչներն աշխատում են առանց դադարի:
Հանգստի ժամ: Շվեդական սեղան: Բայց քանի որ հանձնաժողովականներից ոչ մեկը հակառակ խմբի հետ չի նստում միևնույն սեղանի շուրջ, թարգմանիչները մնում են առանց աշխատանքի: Նրանք սպասումով կանգնած են սրահի մուտքի մոտ՝ սպասելով, թե որ սեղանին պետք է մոտենան, բայց տեսնելով իրերի նման դասավորությունը՝ ժպտում են միմյանց, մոտենում, վերցնում ուտելու ինչ-որ բաներ և նստում են նույն սեղանի շուրջը: Սկսում են խոսել: Կինոխցիկը սկսում է հեռանալ նրանցից, բայց ակնհայտ է, որ նրանց զրույցն է լսվում էկրանից:
-Մերոնք սխալ են անում,- չի հասկացվում՝ կին է խոսողը, թե տղամարդ,- սեղանի շուրջ ավելի շատ հարցեր կարելի է լուծել, քան հենց այնպես:
-Դե չէ, մերոնք սովոր են թամադայով-բանով սեղանների, էս ինչ է որ…
Հետո արդեն որոշակի են դառնում ձայները:
-Դուք շատ լավ հայերեն եք խոսում, որտե՞ղ եք սովորել,- հարցնում է տղամարդը:
-Տատիկս ու պապիկս, երբ ինչ-որ գաղտնի բան էին ուզում ասել միմյանց, որպեսզի տնեցիներից ոչ մեկը գլխի չընկնի, հայերեն էին խոսում: Եվ ինձ շատ դուր էր գալիս այդ լեզվի բարեհնչունությունը, երբ մեծացա, տանը սովորածս կատարելագործեցի այլ վայրերում, ուր խորացնում էի հիմնական մասնագիտությունս՝ հոգեբանությունը:
-Իսկ ես սովորել եմ ակամա,- առանց հարցի սպասելու՝ սկսում է տղամարդը,- ավելի շատ ցանկանալով հասկանալ այն ժողովրդին, որը իմ ազգին այդքան տառապանք է պատճառել…
-Երեկվա օրով հնարավոր չէ ապրել: Իսկ դուք շարունակում եք:
-Մինչև երեկը չհասկանանք, ոչ այսօրը կհասկանանք, ոչ վաղը:
-Դուք ճիշտ և ճիշտ մեր հանձնաժողովի անդամների պես եք խոսում:
-Ես պարզապես այդպես եմ մտածում:
-Ձեզ այդպես են ներշնչել:
Ստամբուլ: Քաղաքային տեսարաններ: Հանձնաժողովի նիստ: Ընթրիք: Աշխատանքի ավարտ: Կինը՝ բացելով իր մեքենայի դուռը.
-Գնանք մեր տուն, հետո ես ձեզ հյուրանոց կուղեկցեմ:
Տունը: Երեխաներ: Ծառաներ: Ծանոթացնում է ամուսնուն: Սեղանին են մոտենում: Ինչ-որ ժամանակ անց նստում են շքեղ բազմոցին: Կինը տղամարդուն է տալիս պատճենահանված ու կազմած մի գիրք:
-Կներեք: Ես շատ եմ գնահատում պապիկիս հիշատակները, ուստի օգտագործման նպատակով պատճենահանել եմ: Բնագրերը սրանք են: Կարող եք համեմատել:
Տղամարդը սկսում է կարդալ: Պատկերներ, որոնք լրացնում են նրա կարդացածը:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ
Զարմանում եմ հայերի միամտության ու դյուրահավատության վրա: Արամին տեսա: Խոսեցի հետը, պատմեցի: Չէր հավատում աչքերին: Խոստացավ խոսել ում հետ որ պետք է: Տեսնենք՝ ինչ արդյունք կտա: Թղթերս փոքր-ինչ համակարգեցի և տվեցի Արամին, որպեսզի իր զրույցը ծանրակշիռ լինի: Հուսանք, որ արդյունք կունենանք: Եվ որպեսզի այդ փաստաթղթերը չկորչեն հանկարծ, ստիպված արտագրեցի դրանցից կարևորները, որովհետև Արամին բնագրերը պետք է տայի: Միայն դրանք կարող են անհրաժեշտ ազդեցությունն ու արդյունքը ունենալ:

ՋԵՄԱԼԸ ՎԱՐԴԳԵՍԻՆ (1913)
Եթե դուք պնդեք եվրոպական վերահսկողության վրա, մենք ստիպված ենք լինելու դա ընդունել: Բայց դրա հետևանքն այն է լինելու, որ այդ վեց վիլայեթներում իսլամ բնակչությունը ոտի կելնի, և 300-400 հազար հայ կոտորվելու է:
Երիտթուրքերի գաղտնի կենտրոնի կողմից (Թալեաթ, Բ. Շաքիր, Ի. Ջանփոլադ, դոկտոր Նազըմ և գնդապետ Սեյֆի) 1915 թ. հունվարի սկզբներին ընդունված «Տասը հրահանգը», որը 1910 թ. օգոստոսի 10-ի Սալոնիկի ժողովում ընդունված որոշման կրկնությունն է.
1. «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (կանոնագրքի) երրորդ և չորրորդ հոդվածների հիման վրա արգելել հայկական բոլոր միությունները, ձերբակալել այն հայերին, ովքեր հակակառավարական գործունեություն են ծավալել, աքսորել նրանց այնպիսի գավառներ, ինչպիսիք են Բաղդադը կամ Մոսուլը և ոչնչացնել նրանց ճանապարհին կամ նշանակված վայրը հասնելուց հետո:
2. Բռնագրավել հայերի զենքերը:
3. Գրգռել մահմեդական հասարակությանը նույն եղանակներով, որոնք կիրառվել են այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Վանը, Էրզրումը կամ Ադանան, որտեղ հայերն իրենք իրենց դեմ հարուցեցին մահմեդականների ատելությունը և առաջ բերեցին կազմակերպված ջարդ:
4. Այդ բանն իրականացնելու համար հենվել Էրզրումի, Վանի, Մամուրեք-ուլ-Ազիզի և Բիթլիսի նահանգների բնակչության վրա և օգտագործել հասարակական կարգի պահպանության զինված ուժերը (ինչպես, օրինակ, ոստիկանությունը) այն հաշվով, որ դա արտաքուստ կրի ջարդը դադարեցնելու բնույթ, և, ընդհակառակը, այդ նույն ուժերը ներգրավել մահմեդականներին ակտիվ օգնություն ցույց տալու այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ադանան, Սվազը, Բուրսան, Իզմիթը և Իզմիրը:
5. Միջոցառումներ ձեռնարկել ոչնչացնելու մինչև 50 տարեկան բոլոր տղամարդկանց, քահանաներին և ուսուցիչներին: Թույլ տալ օրիորդներին և երեխաներին ընդունել իսլամի դավանանքը:
6. Տեղահանել այն ընտանիքներին, որոնց չափահաս անդամներին կհաջողվի փրկվել, և այդպիսով խզել նրանց բոլոր կապերը հայրենի երկրի հետ:
7. Վկայակոչելով, որ հայ ծառաները կարող են լրտեսներ լինել, հեռացնել նրանց բոլոր պաշտոններից ու դիրքերից և բոլոր այն հիմնարկներից, որոնք ենթարկվում են պետական վարչությանը:
8. Նպատակահարմար եղանակներով ոչնչացնել բանակում ծառայող բոլոր հայերին՝ հանձնարարելով այդ գործը զինվորականներին:
9. Ամենուրեք գործողությունները սկսել միաժամանակ՝ այն հաշվով, որ հայերին ժամանակ չտրվի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:
10. Հետևել այս հրահանգների խիստ գաղտնի բնույթին, դրանք պետք է հայտնի լինեն ոչ ավելի, քան երկու-երեք հոգու:

ՍԱԲԱՀԷԴԴԻՆ
Ես ուղղակի զարմացած եմ մնացել, ինձ հետ էլ՝ շատ եվրոպացիներ: Հայ ազգը ինչպե՞ս կարող է հարգանք պահանջել, երբ անգամ Ադանայի կոտորածից հետո էլ մեծամասնությամբ իթթիհատի կողմն է բռնում: Դաշնակցականները ինչպե՞ս սեղմեցին իթթիհատական արյունոտ, եղեռնագործ ձեռքը և նրանց հետ համաձայնություն կնքեցին: Հայ ազգը, որ անհաշտ դիրք պետք է բռներ, ընդհակառակը՝ ամենից ավելի զիջողը, տեղի տվողը, կռացողը նա եղավ:

ԻԹԹԻՀԱՏԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ 1912 Թ.
…Հայերին չխնայեք, կենդանի շունչ չթողնեք, կայք, գույք՝ ամեն բանի տիրապետեցեք:
Իթթիհատ վե թերաքը և ՀՀ դաշնակցություն կուսակցությունների 1909-ի համաձայնագիրը
1. Սահմանադրության իրականացման և երկրում հասարակական զարգացումը անսասանորեն ամրապնդելու համար անհրաժեշտ է համատեղ պայքարել՝ չխնայելով ուժերը:
2. Հետադիմական շարժումների հանդեպ գործել համաձայնեցված՝ օգտագործելով օրինական եղանակներ:
3. Երկու կուսակցությունների համատեղ գործունեության վերջնական նպատակը համարել օսմանյան հայրենիքի ամբողջականության պահպանումը. նրանք պետք է գործնականում ցրեն բռնատիրական վարչակարգից ժառանգած լուրերն այն մասին, թե հայերը ձգտում են անկախության:
4. Երկու կուսակցությունները հայտարարում են, որ իրենք միահամուռ են վիլայեթների իրավունքների ընդլայնման գործում և աջակցում են օսմանյան ընդհանուր հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին:
Իթթիհատ վե թերաքը և դաշնակցություն կուսակցությունը մարտի 31-ի Ադանայի ողբերգական իրադարձությունները համարելով դաս քաղելու նախազգուշացում՝ որոշեցին գործել համատեղ՝ հիմնական կետերն իրականացնելու համար:

ԷՆՎԵՐ ՓԱՇԱՅԻ ՃԱՌԸ Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ 1909 Թ. ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ
Մենք երբեք չենք կրնալ չյիշել նիւթական, բարոյական և մարդկային այն մեծ և ծանր զոհողութիւններն, ինչ որ ըրաւ հայ ազգը տապալելու համար համիտեան բռնակալական ռեժիմը: Մենք հոս հաճույքով կը խոստովանինք, թէ հայ յեղափոխականները, և ի մասնաւորի, հայ յեղափոխական դաշնակցութեան քօմիդէն եղան մեր ուսուցիչը և ռահվիրան սուլթան Համիտի բռնակալութեան դեմ մեր վարած Ժեոն-թիւրք յեղափոխական շարժումին: Այո, մենք յավետ երախտապարտ ենք հանդէպ հայոց…
Բայց եթե հայ ազգը օսմանեան նոր և ազատ ռեժիմին դէմ ալ գլուխ բարձրացնելով, անջատողական նպատակով, սուլթան Համիտի օրով եղածին նման ուզէ կրկին դիմել դավադրական գաղտնի գործունեութեան, ապա համարձակօրէն կըսեմ, թէ մենք՝ իթթիհատականներս, այնպիսի խստութեամբ պիտի պայքարենք այդպիսի ազգային դավաճանութեան դեմ, որ պիտի փնտռէք սուլթան Համիտի բռնակալութեան ամենասեւ օրերը:
(շարունակելի)

Դիտվել է՝ 154624

Մեկնաբանություններ