Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ առաջադրելու է թեկնածությունը ապրիլի 26-ի նախագահական ընտրություններում: Ղազախստանի առաջին ու միակ նախագահը համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել, երբ նրա գլխավորած իշխող «Նուր Օթան» կուսակցության համաժողովի պատվիրակները առաջադրել են նրա թեկնածությունը:
«Ես կընդունեմ նախագահի պաշտոնում ինձ առաջադրելու ձեր նախաձեռնությունը, միայն այն պատճառով, որ պատրաստվում եմ մեր երկրի համար շատ կարևոր մի շարք նպատակներ առաջարկել»,- ասել է Նազարբաևը: «Նախագահական ընտրություններին պետք է մասնակցեն միայն այն թեկնածուները, ովքեր կարող են առաջարկել կոնկրետ նպատակներ, որոնց կյանքի կոչելու դեպքում մեր ժողովրդի կենսամակարդակը կբարելավվի»,- հավելել է 74-ամյա առաջնորդը:
Նախկին պողպատագործ Նազարբաևը նավթով հարուստ Ղազախստանը ղեկավարում է 1989 թվականից, երբ նա գլխավորում էր այն ժամանակ դեռ խորհրդային այդ հանրապետության կոմունիստական կուսակցությունը:
Իբրև նախագահի թեկնածու՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը արդեն հաջողությամբ հանձնել է պետական լեզու համարվող ղազախերենի քննությունը: «Մենք կարծում ենք, որ Նուրսուլթան Նազարբաևը ազատ տիրապետում է պետական լեզվին»,- քննությունից հետո լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ Միրզաթայ Ժոլդասբեկովը: Ղազախստանի նախագահ կարող է դառնալ Ղազախստանի քաղաքացին, որ ծնվել է այդ երկրում, լրացել է 40 տարեկանը, ազատ տիրապետում է պետական լեզվին և վերջին 15 տարիներին բնակվել է Ղազախստանում, Ղազախստանում միայն մեկ մարդ է բավարարում այդ պահանջներին՝ Նուրսուլթան Նազարբաևը, նա արտահերթ նախագահական ընտրություններում ապրիլի 26-ին կընտրվի նախագահ: