Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ
(սկիզբը` այստեղ)
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
1919 թ. հունիսի 3
(Շեյխ ուլ-Իսլամ Մուսա Քյազիմ էֆենդիի հարցաքննությունը)
ՆԱԽԱԳԱՀ- Մեծարգո Մուստաֆա փաշան հետևյալ հարցումն ունի. հայերի հետ կատարված եղելությունն ինքն այլ ձևով է լսել: Բավականաչափ թվով ընտանիքներ աքսորվել են դեպի Դամասկոս, Մոսուլ, Բաղդադ և հարակից այլ վիլայեթներ, մարդկանց կախաղան են բարձրացրել և ենթարկել դաժան բռնությունների: Մի՞թե այդ բոլորը այլ ձևով պետք է մեկնաբանվի:
ՄՈՒՍԱ ՔՅԱԶԻՄ էՖԵՆԴԻ- Խոսքը Դամասկոսում տեղի ունեցած մի քանի մահապատիժների մասի՞ն է արդյոք:
ՆԱԽԱԳԱՀ- Այո:
ՄՈՒՍԱ ՔՅԱԶԻՄ ԷՖԵՆԴԻ- Մենք այդ մասին լսեցինք: Այդ բոլորի մասին առարկելով՝ հավանություն չտվեցինք: Այդ մասին ես դիմեցի Սայիդ Հալիմ փաշային և ասացի. «Այս ի՞նչ բան է, այս մարդուն ո՞վ տվեց այդ արտոնությունը, մի՞թե հիմա դրա ժամանակն է»։ Սայիդ Հալիմ փաշան պատասխանեց այսպես. «Այդ բոլորի մասին ես էլ տեղյակ չեմ, այդ մարդը, այդ խենթ մարդը հավանաբար կատարել է ինքնուրույն: Բայց ի՞նչ կարող ենք անել, եղած-վերջացած է արդեն: Այդ բոլորը կատարել է այդ խենթ մարդը: Ես էլ տեղյակ չեմ եղել: Միայն տեղի ունենալուց հետո իմացա այդ մասին: Այդպիսի արարքների մասին տեղեկանում ենք կատարվելուց հետո միայն: Պատերազմը բոլորին խելքահան է անում, ոչ ոք չգիտի, թե ինչ է անում»: Բավական ժամանակ հետո ես էլ լսեցի, որ (հայերին) ընտանիքներով հանդերձ տեղահանում են և աքսորում այս ու այն կողմ: Բայց այդ բոլորը լսում էինք ոչ թե պաշտոնական աղբյուրներից, այլ դրսից, այս ու այն կողմից: Այդ ժամանակ մեր հարցումին պատասխանեցին հետևյալ կերպ. «Այդ բոլորը անհրաժեշտություն է: Արդեն այդ մարդը այնտեղ կախաղան է բարձրացրել մի քանիսին: Այդ արարքը անկասկած սխալ է: Այդ մարդիկ ազգականներ ունեն, ազգականներն էլ իրենց հերթին՝ բարեկամներ: Այնպես որ այդ արարքների համար նրանք հանգիստ չեն մնալու: Այդ արարքների համար նրանց ոչ տեղն է հարմար և ոչ էլ ժամանակը: Այս կապակցությամբ էլ բանակի ապահովման, երկրի անդորրության համար նրանց տեղահանել և աքսորել են այս ու այն կողմ: Ոչ թե դա անհրաժեշտություն է եղել, այլ ուրիշ միջոց չի եղել»: Հասկանալի էր, որ այս բոլորը լսելուց հետո հարցում անելը մտնում էր մեր պարտականության մեջ: Այդ մասին այդպիսի պատասխան ստանալուց հետո մենք ի՞նչ կարող էինք անել, եթե կառավարությունը, այդպես մտածելով, նման միջոցների է դիմել: Ոչ մի բան չէինք կարող անել: Մեծարգո փաշա, ուզում եմ մի բան հայտնել: Մեր շարիաթը հաշվի է առնում միմիայն տվյալ անհատի պատասխանատվությունը, մյուսներինը հաշվի չի առնում: Այդ մասին նշված է նաև սահմանադրության մեջ, «որ յուրաքանչյուր մինիստր պատասխանատու է իր պաշտոնի համար, իսկ պետության ընդհանուր քաղաքականության համար պատասխանատվությունը խմբակային է»: Այդ ընդհանուր քաղաքականությունը պատերազմ հայտարարելու նման բան է: Հետևաբար, ներքին գործերի մինիստրությանը վերաբերող խնդրի համար շեյխ ուլ-իսլամը պատասխանատվություն չի կրում: Ռազմական մինիստրության վերաբերող խնդրի համար շեյխ ուլ-իսլամը բոլորովին պատասխանատվություն չի կրում: Եվ, վերջապես, մահմեդական կրոնագիտության վերաբերող գործերի համար ոչ մի մինիստր չի կարող պատասխանատվություն կրել: Ոմն մյուֆթի ինչ-որ տեղ այսպիսի կամ այնպիսի բան է կատարել, կամ ինչ-որ մյուդիր այն արարքն է կատարել: Դրա համար ոչ մի տեղ, ոչ մի դատարանում չի կարող ամբաստանել ներքին գործերի մինիստրությանը: Ես այսքանը գիտեմ: Հետևաբար, եթե ես իմ պարտականության մեջ թերանում եմ, ապա ես եմ պատիժ կրելու կատարված հանցանքի համար: Նման դեպքում ես ի վիճակի չեմ լինի առարկելու և կկրեմ ինձ համար սահմանված պատիժը:
ՆԱԽԱԳԱՀ- Մեծարգո էֆենդի, մենք մի քիչ առաջ նշեցինք, որ մինիստրների հետ առնչվող հարցերը դատաքննության չեն ենթարկվում:
ՄՈՒՍԱ ՔՅԱԶԻՄ ԷՖԵՆԴԻ- ՈՒրեմն ինչի՞ մասին է խոսքը:
ՆԱԽԱԳԱՀ- Խնդիրը առաջ քաշված հարցի մասին է: Այդ ողբերգությանը անձամբ տեղյակ լինելով հանդերձ՝ ոչ մի միջոց չեք ձեռնարկել:
ՄՈՒՍԱ ՔՅԱԶԻՄ ԷՖԵՆԴԻ- Ձեռնարկեցինք, էֆենդի: Այդ մասին խոսեցինք: Այսքանը, էֆենդի: Էլ ի՞նչ կարող էինք անել: Էլ ի՞նչ ասեմ:
ՆԱԽԱԳԱՀ- Ժամանակը ուշ է, հաջորդ դատաքննությունը տեղի կունենա կիրակի օրը՝ ժամը մեկին:
ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՓԱԴԻՇԱՀԻ 1335 Թ. (1919) ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՅՍԵՐԱԿԱՆ
ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՏԱՎՃԻՌ
Սույն դատավարության ընթացքում լսեցին մեղադրող և պաշտպանվող երկու կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրվեցին և հետո քննվեցին նաև բոլոր դատական փաստաթղթերը: Թեև մեղադրյալները և նրանց դատապաշտպանները ջանացին ուրանալ գործադրված հանցագործությունները և պահանջեցին ազատություն, այնուհանդերձ 1335 (1919) մայիսի 3, 20, 22 և հունիսի 9, 10, 25 թվագրությամբ մեղադրական եզրակացություններով բացահայտվեց լուծարքի ենթարկված «Միություն և առաջադիմություն» կուսակցության իրավական դեմքը, և հաստատվեց նրա մեղավորությունը կատարված բազմաթիվ հանցագործությունների մեջ:
Ռազմական ատյանի դատավարության վերջում բացահայտվեց, որ Տրապիզոնում, Յոզղաթում, Բողզլյանում և այլուր տեղի ունեցած կոտորածները կազմակերպվել և գործադրվել են «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխների կողմից: Դատապաշտպանության ընթացքում նշվեց, որ այդ կոտորածների մասին իբրև թե նրանք տեղեկացվել են գործադրվելուց հետո: Մինչդեռ լիովին բացահայտվեց, որ այդ մասին իրազեկ դառնալուց հետո էլ ոչ մի միջոց չեն ձեռնարկել այդ կոտորածները կանխելու համար:
(Ձայնը դանդաղ վերականգնվում է): Հետաքննությունը ցույց տվեց, որ օսմանյան պետության օրենքներն ստեղծվել են «երեքի զորությամբ» և այդ օրինազանցությունը կատարվել է ահաբեկչական ուժ գործադրելու միջոցով: Այսպիսով, վերոհիշյալ հանցագործ արարքների անմիջական հեղինակներն են «Միություն և առաջադիմություն» կուսակցության իրավական դեմքն արտահայտող նրա պարագլուխներն ու ընդհանուր մեջլիսի անդամները: Այդ թվում՝ փախուստի մեջ գտնվող նախկին մեծ վեզիր Թալեաթ փաշան, նախկին ռազմական մինիստր, նույնպես զինվորական շարքերից վտարված Էնվեր փաշան, նախկին ծովային մինիստր, նույնպես զինվորական շարքերից վտարված Ջեմալ էֆենդին և նախկին հանրակրթական մինիստր դոկտոր Նազըմ էֆենդին, որոնց անմիջական հեղինակությամբ կատարվել են այդ հանցագործությունները:
Տվյալ հանցագործություններին անուղղակիորեն մասնակցել են նաև հիշյալ Մեջլիսի անդամները՝ նույնպես փախուստի մեջ գտնվող նախկին ֆինանսների մինիստր Ջավիդ բեյը, ինչպես նաև առևտրի և հողագործության մինիստր Մուստաֆա Շերեֆ բեյը: Բացահայտված է, որ կատարված հանցագործություններում իր մեղսակցությունն է ունեցել նաև նույն ընդհանուր ժողովի անդամներից՝ դատարանում ներկա գտնվող նախկին շեյխ ուլ-իսլամ Քյազիմ էֆենդին:
Այսպիսով, լիովին բացահայտվում է, որ կոտորածի գործադրման որոշումը հիմնականում համաձայնեցվել է երեքի միջև:
Վերոհիշյալ (մեղադրյալների) պատժի չափը քննարկելու ընթացքում նկատի առնվեց, որ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և դոկտոր Նազըմի կատարած հանցագործ արարքները չափազանց ծանր են, ուստի որոշվեց նրանց դատել կայսերական քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի առաջին կետով: Ջավիդի, Մուստաֆա Շերեֆի և Մուսա Քյազիմի համար նկատի առնվեցին հիշյալ հոդվածի երկրորդ և նույն կայսերական օրենսգրքի 55-րդ հոդվածի վերջին մասերը: Օրենսգրքի առկա այս հոդվածների հիման վրա Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և դոկտոր Նազըմը դատապարտվում են մահվան, իսկ Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը, Մուսա Քյազիմը՝ 15-ական տարի ժամկետով աքսորի: Փախուստի մեջ գտնվողներին զրկել քաղաքացիական իրավունքներից, իսկ բռնագրավված ունեցվածքի հարցում գործել համաձայն օրենքի: Սույն դատավճիռը միաձայն ընդունվեց ի բացակայություն Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, դոկտոր Նազըմ, Ջավիդ, ինչպես նաև Մուստաֆա Շերեֆ, Օսկան և Մուսա Քյազիմ բեյերի:
5 թեմմուզ 1335 թ. (1919 թ., հուլիսի 5)
Ռազմական արտակարգ ատյանի նախագահ՝ սպայակույտի գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազըմ բեյ Ահմեդ
Ռազմական արտակարգ ատյանի անդամ՝
սպայակույտի գեներալ-մայոր Ալի Նազըմ
Ռազմական արտակարգ ատյանի անդամ՝
հետևակային գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյ Մեհմեդ Ալի
(շարունակելի)