Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նորվեգիայում փորձագետները քննադատել են Ցեղասպանության միջոցառումներին դեսպանի մակարդակով մասնակցելու որոշումը

Նորվեգիայում փորձագետները քննադատել են Ցեղասպանության միջոցառումներին դեսպանի մակարդակով մասնակցելու որոշումը
19.03.2015 | 19:13

100 տարի առաջ, ներկայիս Թուրքիայում մեկ միլիոնից ավել հայեր են սպանվել: 22 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց Նորվերգիան` ոչ: Վարչապետ Էրնա Սուլբերգը հրավիրվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն ոչ նա կմասնակցի, ոչ էլ նախարարները: Նորվեգական փորձագետները խիստ քննադատում են իրենց կառավարության որոշումը։ Ըստ Verdens Gang նորվեգական պարբերականի հոդվածագիր Բրունյար Շեռլիի՝ Նորվեգիան չի ցանկանում բարկացնել Թուրքիային: «Թույլ և վախկոտ» է վերնագրել հեղինակն իր հոդվածը. «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործվում է 1915-1920 թվականներին Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների և բռնագաղթի վերաբերյալ: Թուրքիան մինչ այժմ էլ ժխտում է ցեղասպանությունը: Անցյալ տարի հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր էր ուղարկել Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգին` 2015 թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Հրավերի հետ միաժամանակ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը վարչապետի գրասենյակ է ուղարկում հետևյալ նամակը. «Հայտնի է, որ միջազգային անհամաձայնություն կա 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործությունները դասակարգելու որպես ցեղասպանություն: Նախարարությունը Նորվեգիայի մասնակցության մասին իր կարծիքն ավելի ուշ կներկայացնի»:
Փետրվարի 16-ին արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանին` նրան ուղարկելով ՀՀ նախագահի հրավերը. «Նորվեգիայի դեսպանությանը խնդրվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել, որ միջոցառմանը Նորվեգիան կներկայացնի դեսպան Նամտվեդտը: Վերը նշվածը համաձայնեցված է վարչապետի գրասենյակի հետ»: Հետևաբար, Նորվեգիան չի ներկայացնի ոչ վարչապետը, ոչ արտաքին գործերի նախարարը, ոչ նախարարներից որևէ մեկը, և ոչ էլ պետքարտուղարը` 1,5 միլիոն սպանված հայերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ միայն Մոսկվայում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Նամտվեդտն է ներկայացնելու Նորվեգիան: Նա նաև Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանն է: Միաժամանակ Նորվեգիան չի ցանկանում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը զանգվածային կոտորածների վերաբերյալ: «Այսպես է Նորվեգիան հոգում իր շահերի մասին: Սաուդյան Արաբիայի և Չինաստանի հետ հարաբերություններում էլ նույն ձևով է հանդես գալիս»,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը:
«Սա մեր պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է, անվանել այն ցեղասպանությո՞ւն, թե՞ ոչ: Նորվեգիան պետք է ավելի ծանրակշիռ մասնակցություն ապահովեր, քան դեսպանի մասնակցությունը: Մնացածը շատ աննշան քայլ է Նորվեգայի կառավարության կողմից, որը ես նույնիսկ կանվանեմ վախկոտ»,- ասում է խոսքի ազատության ակտիվիստ և թուրքագետ Յուջին Շուլգինը: «Տարօրինակ է, որ ավելի բարձրաստիճան պաշտոնյայով Նորվեգիան չի ներկայանում»,- ասում է լրագրող, գրող և NRK-ի վետերան (փորձագետ) Յան Օտտո Յոհանսենը, որ վերջերս գրել է Հայերի ցեղասպանության մասին գիրք: «Սա արվում է՝ ելնելով մեր երկրի շահերից և հաստատում, որ Նորվեգիան անում է այն, ինչ մշտապես արել է՝ չի ցանկանում բարկացնել Թուրքիային»,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը: Նա կարծում է, որ Նորվեգիայի որոշումը կապված է «Ռեալ պոլիտիկի» հետ: «Սա քաղաքական մեծ խաղ է, որտեղ կողմերը իրենց շահերն են պաշտպանում: Նորվեգիայի և այլ երկրների միջև տարբերությունն այն է, որ Նորվեգիան քողարկում է իր շահերը ցինիկ չերևալու համար,-ասում է նա,-բավական է միայն նայել հետևյալ երկու օրինակներին. Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը, երբ Նորվեգիայի թագաժառանգը մեկնում է մասնակցելու թագավոր Աբդուլայի հուղարկավորությանը: Մենք զբաղվում ենք մեծ քանակությամբ զենքի արտահանմամբ և միևնույն ժամանակ Նորվեգիան նրանց կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ տանել: Նույնն էլ տեղի է ունենում, երբ Դալայ-Լաման ժամանում է Նորվեգիա: Այս երկուսը վառ օրինակներ են: Սա բնորոշում է ներկա կառավարությանը, դա Նորվեգիայի վարած արտաքին քաղաքականությունն է»։
22 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ են` Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իտալիան, Նիդերլանդները, Շվեդիան և Շվեյցարիան:«Զարմանալի է, որ այս առիթը չի օգտագործվում ընդունելու այս ողբերգությունը որպես ցեղասպանություն,- ասում է նորվեգական ՓԵՆ(PEN) ասոցիացիայի նախագահ Վիլյամ Նիգորդը,- եթե պատճառը ֆինանսական հիմնավորում ունի, ուրեմն սա կրկնակի ողբերգություն է»։ Յան Օտտո Յոհանսենը համարում է, որ հայերի հետ տեղի ունեցածը նորագույն ժամանակների առաջին ցեղասպանությունն էր և այն, ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում՝ վերջինը: Նորվեգական կառավարությունը դիրքորոշում չունի, որ տեղի ունեցածը համապատասխանում է այն չափանիշներին, որպեսզի կատարվածը դասակարգվի որպես ցեղասպանություն: Այս ողբերգական իրադարձությունների մեկնաբանությունները հարկավոր է թողնել պատմաբաններին, քան՝ քաղաքական գործիչներին: «Ցեղասպանություն» եզրույթն ամրագրված է 1948 թվականի ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիայում: Սկզբունքորեն խնդրահարույց է եզրույթը գործածել այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչ կոնվենցիայի ընդունումը: «Սա հատուկ պատճառաբանություն է: Եթե այս տրամաբանությանը հետևենք, հոլոքոստն էլ ցեղասպանություն չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա դատարկ պատճառաբանություն է,- ասում է Բորդ Լարսենը և ավելացնում, - տեսակետը, թե սա միայն պատմական և տեսական խնդիր է, սխալ է: Նրանք, ովքեր հետևել են վերջին տարիների քննարկումներին, նկատել են, որ այս հարցը հզոր միջազգային քաղաքական հետաքրքրություն ունի: Նորվեգիայի նման դիրքորոշումը նրան մասնակից է դարձնում պատմությունը խեղաթյուրելու գործին»:
«Նրանք, ովքեր ձևապաշտ են և ասում են, որ չի կարելի ցեղասպանություն տերմինն օգտագործել հայերի, գնչուների կամ հրեաների հետ կատարվածի նկատմամբ, իրականում ոչինչ չեն հասկացել, թե այս ամենն ինչի մասին է: Սա փորձ է Նորվեգիայի հանրության կարծիքը ձևականությունների մեջ պարուրելու ուղղությամբ, մինչդեռ իրականությունը Թուրքիայի հետ ունեցած կարծր տնտեսական շահերն են»,- ասում է Օտտո Յոհանսենը: Նա ենթադրում է, որ Նորվեգիայի շահերն Ադրբեջանի հետ, որը Հայաստանի գլխավոր թշնամին է, նույնպես պատճառ են հանդիսանում Նորվեգիայի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի հարցում:
Կրագերո քաղաքի քաղաքապետ Կորե Փրեբեն Հեգլանդն ընդունել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը մասնակցելու հրավերը: Կրագերոյում ապրած Բոդիլ Բյոռնը վկա է եղել տեղի ունեցած իրադարձություններին, և այդ պատճառով էլ Կրագերոյի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են հաստատվել:
«Մենք բազմիցս դիմել ենք կառավարություններին և խորհրդարանին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանք չեն ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Սա Նորվեգիայի կողմից բավականին վախկոտ վերաբերմունք է»,- ասում է Հեգլանդը:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ