ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պայմանավորվելու են ՈՒկրաինայի արևելքում հրադադարի մասին Մինսկում կնքված համաձայնագրի դրույթների իրագործմամբ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները մարտի 19-ին Բրյուսելում կայացած համաժողովում որոշել են պատժամիջոցները «հստակ կապել Մինսկի համաձայնագրի իրագործման հետ՝ հիշելով, որ համաձայնագրի դրույթները պետք է իրագործված լինեն մինչև 2015-ի ավարտը»: Նա հայտարարել է, թե Բրյուսելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելի խստացնել պատժամիջոցները: