Թուրքական իշխանամետ պարբերականներն ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հիմնական հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրել են ԱՄՆ-ից և Արևմտյան երկրներից ստացած աջակցությամբ Թուրքիայի դեմ գործող լոբբիներին օգնելու համար։ «Ենի Շաֆաք» թերթը գրում է, որ գյուլենականներն աջակցում են կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդին, Դևիդ Փալադաոյին, Ֆրենկ Փալոնեին և Ադամ Շիֆին, որ օրեր առաջ Հայոց ցեղասպանության բանաձև էին ներկայացրել, որով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կոչ էր արվում 1915-ի դեպքերը Ցեղասպանություն ներկայացնել։
Համաձայն թուրքական լրատվամիջոցների պնդումների՝ գյուլենականները դրամական աջակցություն են ցուցաբերել ամերիկացի 74 կոնգրեսականներին, որ ստորագրել էին Թուրքիայում մամուլի ազատ չլինելու վերաբերյալ նամակը։