Թբիլիսիում երեկ հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ Մարտի 21-ի հանրահավաքը կազմակերպել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Հանրահավաքում տեսակամրջի միջոցով ելույթ է ունեցել Սաակաշվիլին և հայտարարել. «Մենք միացյալ ենք մեր երկիրը քանդող կառավարությունից Վրաստանն ազատելու մեր միասնական նպատակով»։
«Վրաստանի կառավարությունն այսօր ամբողջությամբ կորցրել է ժողովրդի վստահությունը և վաղուց խորտակվել է ստի մեջ։ Այժմ մենք պետք է հեռացնենք ռուս օլիգարխի և նրա ենթակաների գլխավորած իշխանությունը։ Կանգնեցնել շարժումը հնարավոր է, սակայն նրա շարունակությունը կարող է կործանարար լինել Վրաստանի համար»,- ասել է նախկին նախագահը: Միացյալ ազգային շարժման պատգամավոր Գիորգի Գաբաշվիլին հայտարարել է, որ առաջիկա օրերին հանրահավաքներ կանցկացվեն Վրաստանի այլ քաղաքներում։ Ընդդիմադիրներն իշխող «Վրացական երազանք» կոալիցիային մեղադրում են երկրի տնտեսությունը խարխլելու մեջ։ Անցած տարի լարին 30 տոկոսով արժեզրկվեց, երկրում աճում է ինֆլյացիան և գործազրկությունը։ Սաակաշվիլու իշխանության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք քաղաքական գործիչներ անցած երկու տարիներին ձերբակալվել և քրեական հետապնդումների են ենթարկվել՝ չարաշահումների համար։ Սաակաշվիլին նույնպես մեղադրվում է պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ, հեռացել է երկրից և ապրում է Կիևում՝ լինելով ՈՒկրաինայի նախագահի խորհրդական։