Երեկ ամբողջ օրը ուկրաինական կայքերը գրում էին, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Վիկտորը, խեղդվել է Բայկալ լճում: Տարբեր աղբյուրներ հավաստում էին, որ նա մասնակցել է Բայկալում անցկացվող սպորտային խաղերին: Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ Բայկալում սառույցի տակ է ընկել Volkswagen մեքենա՝ հինգ ուղևորով և վարորդով, որ պատահարի հետևանքով մահացել է։ Աղբյուրներից մեկը տեղի ունեցածի ամսաթիվը նշում է մարտի 20-ը, մեկ այլ աղբյուր՝ 21-ը։ «Օբոզրեվատել»-ը, որպես դեպքի վարկած, նշում է, որ Յանուկովիչ կրտսերը խեղդվել է ձկնորսության ժամանակ։
Համաձայն մեկ այլ վարկածի՝ նա Բայկալի մոտակայքի գյուղերից մեկում պատրաստվում էր ռալլիի հերթական մրցումներին, և գետը հատելու ընթացքում նրա ջիպը խորտակվել է։ Միայն փաստը՝ առանց նշելու տուժածների և զոհերի անունները, հաստատում է Ռուսաստանի ԱԻՆ-ի Իրկուտսկի մարզի վարչությունը, որտեղ հայտարարել են, որ Բայկալում մարդկանց մահվան պատճառ է դարձել անվտանգության կանոնների կոպիտ խախտումը։
Նշվում է նաև, որ մարտի 20-ին Օլխոն կղզու հյուսիսային շրջանում սառույցի տակ է անցել մի մեքենա՝ հինգ ուղևորի և վարորդի հետ։ Քաղաքացիներն իբրև թե դուրս են եկել սառույցի վրա լուսանկարներ անելու, իսկ մեքենան ընկել է սառույցի ճեղքվածքի մեջ։ ԱԻՆ-ում ճշտել են, որ լճի խորությունն այդ մասում մոտ 20 մետր է։
Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքում է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան լուրը։ Իրկուտսկի մարզի ԱԻՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Շուտովը «Բի Բի Սի ՈՒկրաինա»-ին ասել է, որ մարտի 21-ին Բայկալ լճում սառույցի տակ է անցել Volkswagen մեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ «Զոհվածը Վիկտոր Դավիդովն է։ Մնացած հինգը կարողացել են դուրս գալ մեքենայից»: Գերագույն ռադայի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը, որ նախկինում եղել է ՈՒկրաինայի արտակարգ իրավիճակների նախարար, հաստատել է Վիկտոր Վիկտորովիչ Յանուկովիչի մահը. «Ողբերգական մահ է: Զոհվեց՝ ինչպես ապրում էր՝ ավտոմեքենայի ղեկին: Չի կարելի չգնահատել Վիկտոր Յանուկովիչ կրտսերի ներդրումը ՈՒկրաինայի ավտոմոբիլային սպորտի մեջ: Նա ազգային ֆեդերացիայի իսկական ղեկավար էր: Մեր երկրի քաղաքականության մեջ շատ բան էր տեսել, հասկացել, չէր համաձայնել: Խորին ցավակցություններս եմ հայտնում կնոջը՝ Օլգային, որդուն, ծնողներին ու մտերիմներին: Կհիշենք նրան»:
Այնուհանդերձ, ռուսական աղբյուրները չեն հաստատում, որ Բայկալում խեղդված տղամարդը Վիկտոր Յանուկովիչն է: Հավանական է, որ նա Ռուսաստանում ապրել է Վիկտոր Դավիդովի անվան տակ՝ Դավիդովը նրա մոր ազգանունն է: