Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում՝ նշված է Եվրամիության զեկույցում: Հայաստանում ԵՄ հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթուղթը ամրագրում է նաև, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում լայն փոխհամաձայնություն չկա:
«Շոշափելի զարգացումներ չեն գրանցվել նաև մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության իրականացման և կիրառման հարցում: Որոշ բարեփոխումներ մնացել են մշակման փուլում»՝ հայտարարում է Եվրամիությունը՝ ընդգծելով, որ դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ նախկին զեկույցներում նշված թերությունները մնացել են անփոփոխ:
ԵՄ դիտարկմամբ, թեև հավաքների ազատության մասին օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն իրականացումը ձախողվել է՝ գրանցված 17 միջադեպի և 72 ակտիվիստների ձերբակալման պատճառով: Էական առաջընթաց չի արձանագրվել նաև մամուլի ազատության ոլորտում, առաջընթաց չկա նաև էլեկտրոնային մամուլում՝ բազմակարծություն ապահովելու ուղղությամբ:
Զեկույցը քննադատում է արդարադատության համակարգը՝ նշելով, որ դատարանները դեռևս կախված են գլխավոր դատախազությունից, Վճռաբեկ դատարանը շարունակում է ազդել այլ դատական մարմինների վրա:
Քննադատության է արժանացել ոստիկանությունը, որտեղ կոշտ վերաբերմունքի դեպքերը էականորեն չեն նվազել: Ըստ փաստաթղթի, մտահոգություն են առաջացնում բռնի ուժով ստացված խոստովանությունների օգտագործումը դատաքննությունների ընթացքում և այս մասին մեղադրյալների հայտարարությունները հետաքննելու ձախողումները:
Տնտեսական ոլորտում քննադատվում է իշխանությունների ոչ արդյունավետ պայքարը մենաշնորհների դեմ:
Այս տարվա համար Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկների համապատասխան, հետաքննել իրավապաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ 2008-ի մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի քննության ժամանակ:
Հայերը և թուրքերը Հասկովոյում
Թուրքիան դեմ է եղել Բուլղարիայի հարավի Հասկովո քաղաքի զբոսայգին «Հայեր» կոչելու որոշմանը՝ տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» կայքը։ Պլովդիվում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը Թուրքիայի սահմանից 80 կմ հեռավորությամբ Հասկովո քաղաքի քաղաքապետ Գեորգի Իվանովի հետ հանդիպելով՝ պնդել է փոխել որոշումը։ Քաղաքապետը պատասխանել է. «Ճիշտ չեմ համարում, որ օտար պետությունը միջամտի մեր ներքին գործերին»։ Նա նշել է, որ Հասկովոյում շատ հայեր կան, և անվանափոխության համար օտար պետություններից թույլտվություն ստանալու կարիք չունեն։
Հասկովոյի քաղաքային խորհուրդը հայերից ստացած առաջարկը մտադիր է քննարկել ուրբաթ։ 2011-ի տվյալներով՝ քաղաքում 338 հայ է բնակվում։