ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Մասիսները

Մասիսները
27.03.2015 | 00:40

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ

(սկիզբը` այստեղ)

Հռոմ: Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակը: Երեխաներ, որոնք խաղում են ավազով: Սակայն այժմ ոչ թե քառակուսիներ են սարքում, ասել է թե՝ լաբիրինթոս, այլ՝ սարեր:
-Տես,- որտեղից որտեղ սպիտակ փոշի, ամենայն հավանականությամբ, կավիճ գտնելով ու լցնելով սարի գլխին՝ ասում է տղան,- սա էլ սարերի վրայի ձյունն է:
-Ճիշտ է,- ասում է աղջիկը,- ձյունոտ սարեր ես էլ եմ սիրում: Նրանք միշտ ավելի բարձր են:
-ՈՒ բոլորը ձգտում են դեպի այդ սարերը:
Ինչ-որ պահ լուռ ու հանգիստ իրենց սարաշինությամբ են զբաղված: Քանդում են նաև լաբիրինթոսը ու դրա ավազով նաև բարձրացնում սարերը:
-Էդ ի՞նչ ես պտտվում չորս կողմը,- հարցնում է աղջիկը:
-ՈՒզում եմ տեսնել, թե ինչպիսին է նաև էս կողմից, որ մյուս կողմն էլ նույնը սարքենք:
-Ինչո՞ւ:
-Որպեսզի նույնը լինի:
-Դու այդ որտե՞ղ ես տեսել, որ սարը համ հետևից, համ առջևից նույնը լինի: Կամ էլ սարը չէ՝ ուրիշ մի բան:
-Սարը մենք ենք սարքում:
-Բայց այնպես պետք է սարքենք, որ բնականին մոտ լինի:
-Չգիտեմ:
-Գուցե յուրաքանչյուրն ինքն իր ուզածի պես է տեսնում՝ դրա համար:
-Ամեն ինչն էլ յուրաքանչյուրն ինքնատիպ է տեսնում:
-Հապա ո՞րն է պատճառը:
-Չգիտեմ: Պարզապես գիտեմ, որ տարբեր կողմերը տարբեր պետք է լինեն:
-Հիմա մենք ի՞նչ անենք:
-Ոչ մի բան, պարզապես պետք է սարքենք մեր սարը:
-Բեր՝ գիտես ի՞նչ անենք:
-Ի՞նչ:
-Մի երեսը ես սարքեմ, մի երեսը՝ դու:
-Էդ մի ժամանակ էր ճիշտ, հիմա ճիշտ կլինի, որ երկուսով սարքենք:
-Երկու կողմն էլ:
Դարձյալ քանդում են լաբիրինթոսը ու շարունակում սարքել սարերը:
Նրանց զրույցն այլևս անլսելի է դառնում:
Մոտակա նստարանին նստած են աղջիկն ու տղան, նրանք երեխաներին են հետևում խիստ ուշադիր ու նրանց զրույցը լսել են «Ճիշտ է, ձյունոտ սարեր ես էլ եմ սիրում» խոսքերից:
-…Նախորդ անգամ բողոքում էիր,- խոսքի կեսից է լսելի դառնում նրանց զրույցը:
-Հա, որ քիչ ենք աշխատում:
-Հիմա՞ ինչ կասես:
-Դե, հիմա, ինքդ ես տեսնում՝ արդեն քանի օր է՝ այստեղ ենք, և գրեթե ոչ մի նիստ, ոչ մի բանակցություն, ոչ մի հանդիպում գոնե:
-Դու ինչ-որ բան հասկանո՞ւմ ես այս ամենից:
-Մի տարօրինակ զգացողություն ունեմ ընդամենը:
-Ի՞նչ զգացողություն:
-Որ… վախենում են պատասխանատվություն ստանձնել:
-Էդպես է ստացվում:
-Որ բոլոր-բոլոր կնճիռների լուծումը ցանկանում են թողնել վաղվա օրվան:
-Երբ իրենք այլևս չեն լինի:
-Եվ կլինեն այս երեխաները:
(Կրկին առաջին պլանում երեխաներն են, որ շարունակում են իրենց սարաշինությունը):
-Կամ սրանք, կամ էլ սրանց նմանները:
-Չէ, հենց սրանք կլինեն:
-Ինձ թվում է, թե նրանց համար էական էլ չէ իսկի, թե ովքեր կլինեն, կարևորը նրանց համար այն է, որ իրենք պատասխանատվություն չստանձնեն:
-Ինչո՞ւ է քեզ այդպես թվում:
-Նրանց վարքագիծն է ինձ բերում այդ եզրակացության:
-Բայց չէ՞ որ յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի, իր պատասխանատվությունն ունի:
-Նրանք չգիտեն դա: Կամ չիմանալու են տալիս:
-Չի կարող պատահել:
-Ինչո՞ւ:
-Որովհետև մի փոքր մտածելու դեպքում ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուրս ծնվել ենք մեկը՝ միլիոնի, մեկը՝ միլիարդի, մեկը՝ տրիլիոնի կամ էլ ավելի մեծ թվերի հավանականությամբ, ու ամեն մեկս, ուրեմն, պատահական չենք ծնվել, եթե պատահական չես ծնվել, ուրեմն հենց դու պիտի ծնվեիր, եթե հենց դու պիտի ծնվեիր, ուրեմն դու քո անելիքն ունես էս աշխարհում, ու ոչ մեկը քո անելիքը երբեք ու երբեք չի անելու, դու ես՝ պարտավոր անել քո անելիքը:
-ՈՒ նաև հնարավորին չափ քիչ բան է պետք թողնել եկող սերունդներին:
-Բայց դե, տեսնում ես, մերոնք իրար, փաստորեն, չեն հասկանում:
-Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ:
-Չգիտեմ:
-Ես էլ չգիտեմ, բայց մի բան հստակ է. եթե ուզում ես մշտապես քեզ հաճելի ու հարմար պատասխաններ ստանալ, պետք է զրուցես միայն ու միայն ինքդ քեզ հետ:
-Մի բան էլ ավելացրու իմացածներիդ, իմ կարծիքով՝ իսկական արիությունը վկաների կարիք չունի:
-Ճիշտ դիտարկում է:
-Ասացի, չէ՞…


(շարունակելի)

Դիտվել է՝ 156376

Մեկնաբանություններ