ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անհանգստություն են հայտնել Եմենում կոնֆլիկտի կտրուկ սրման առիթով: Կրեմլի մամլո ծառայությունը հայտնում է, որ նրանք հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Արաբական թերակղզու հարավում և Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների ընթացքը: «Երկուստեք անհանգստություն հայտնվեց Եմենում կոնֆլիկտի սրման հետևանքների առումով: ՌԴ նախագահը ընդգծեց այդ երկրում խաղաղության և իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ակտիվացման կարևորությունը»,-փոխանցում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին իր գլխավորած Լիկուդ կուսակցության արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Հեռախոսազրույցում քննարկվել են նաև ռուս-իսրայելական հարաբերությունները, համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: