Լոզանում ավարտվել է արտգործնախարարների վեցյակի նիստը՝ Իրանի միջուկային ծրագրի օրակարգով: «Արդյունավետ և առարկայական քննարկում եղավ բանակցությունների ներկա ընթացքի վերաբերյալ: Էական առաջընթաց արձանագրվեց Իրանի և վեցյակի բանակցություններում: Կողմերը հանգամանալից ուսումնասիրել են քաղաքական փոխզիջումային որոշումների հնարավոր տարբերակները և մնացած հարցերի տեխնիկական լուծումները»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործախարարների և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցություններից հետո:
ՌԴ արտգործնախարարությունում կարծում են, որ վեցյակի և Իրանի դիրքորոշումների մերձեցման համար առանցքային դեր են ունեցել փուլայնության և փոխադարձության ռուսական առաջարկները: «Լավրովը գոհունակությամբ նկատել է, որ վերջին ժամանակներում չլուծված հարցերը՝ ամբողջ գունապնակով, էականորեն մերձեցել են: Առանցքային դեր է կատարել ռուսական կողմի առաջարկը՝ փուլային և փոխադարձ լուծումներ տալու վերաբերյալ, նաև մի քանի հայեցակարգային, քաղաքական ու տեխնիկական գաղափարներն ու առաջարկները, որ ընդունվել են բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Սերգեյ Լավրովը վստահ է, որ հնարավոր է պայմանավորվածության հասնել՝ քաղաքական բավարար կամքի դեպքում և կոչ է արել շարունակել ինտենսիվ բանակցել՝ հանուն իրավիճակի կարգավորման: