Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ պատրաստ է եղել իր վրա ճնշման պատճառով հրաժարական տալ: «Ես որոշակի շրջանում պատրաստ էի հրաժարական տալ… Ինձ վրա ճնշումը շարունակվում է արդեն ամբողջ տարին, և դա կուլուարային գործընթաց չէ: Դա բացահայտ քննադատություն է իմ հասցեին, բայց հիմա ես դրան հանգիստ եմ նայում»,- ասել է Մարգվելաշվիլին: Նա նշել է, որ քաղաքական գործիչները մոռանում են, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ: «Հաճախ քաղաքական գործիչների հայտարարություններն անցնում են սահմանագիծը, նրանք չափազանց ջերմեռանդ են վերաբերվում իմ հայտարարություններին, իսկ ես բոլորի նախագահն եմ, ոչ թե մեկ կուսակցության»,- նշել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահի և կառավարության փոխհարաբերությունները նորից սրվել են, դա ակնհայտ էր մարտի 31-ին Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահի ելույթի ժամանակ. նիստերի դահլիճում Վրաստանի կառավարությունից ոչ ոք ներկա չէր: