Թբիլիսիում փակ դռների հետևում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Մինդիա Ջանելիձեի, Իսմեթ Յըլմազի և Զաքիր Հասանովի հանդիպումը: Վրացական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հարցեր: «Մեր համագործակցությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, մեր երկրների զինված ուժերի հնարավորությունների զարգացմանը: Մեր համագործակցությունը ուղղված չէ որևէ կողմի դեմ», - հանդիպումից հետո հայտարարել է Մինդիա Ջանելիձեն:
Իսմեթ Յըլմազն ասել է, թե «եռակողմ հանդիպման ձևաչափը լավ մեխանիզմ է Հարավային Կովկասում խաղաղության, բարօրության և կայունության պահպանման համար»: Զաքիր Հասանովը հայտարարել է. «Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ է ներկայացնում մեր երկրներին, մենք շարունակելու ենք քննարկել այդ խնդիրը»: Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այս ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա աշնանը իր երկրում: